ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաշտարարությունը որպես վեճերի լուծման գործընթաց ընտրելը ունի մի շարք առավելություններ կախված վեճի բնույթից և կողմերի ցանկություններից։ Այնուամենայնիվ, ստորև նշվածները այն հիմնական առավելություններն են, որոնց համար կողմերը դիմում են հաշտարարության։ 

 

Համաձայնություն: Հաշտարարությունը կամավոր գործընթաց է, ինչը նշանակում է, որ այն սկսելու համար անհրաժեշտ է բոլոր անձանց համաձայնությունը։ Այս հատկանիշը շատ հաճախ մեծացնում է համագործակցությունը և ջանասիրությունը գործի ընթացքում։

 

Վերահսկողություն: Հաշտարարության դեպքում կողմերն ավելի շատ վերահսկողություն ունեն գործընթացի և արդյունքի նկատմամբ՝ համեմատած վեճերի լուծման այլ մեթոդների հետ, ինչպես օրինակ դատավարությունը կամ արբիտրաժը: Նրանք ակտիվորեն մասնակցում են որոշումների կայացման գործընթացին և հնարավորություն ունեն հասնելու փոխընդունելի լուծումների: Հաշտարարի դերը գործընթացն ուղղորդելն է և կողմերի միջև արդյունավետ բանակցություններին նպաստելը, մինչդեռ արդյունքի պատասխանատվությունն ամբողջությամբ կողմերինն է։

 

Գաղտնիություն: Գաղտնիությունը կենսական է: Հաշտարարությունը գաղտնի գործընթաց է: Հաշտարարության ընթացքում տեղի ունեցող քննարկումները չեն բացահայտվում երրորդ կողմերին: Նման գաղտնիությունը խրախուսում է բաց հաղորդակցությունը և մասնակիցներին թույլ է տալիս առաջարկել տարաբնույթ լուծումներ՝ չվախենալով բացասական հետևանքներից:

 

Հարաբերությունների պահպանում: Հաշտարարությունը կենտրոնանում է այնպիսի լուծումներ գտնելու վրա, որոնք կբավարարեն կողմերի հիմնական շահերն ու կարիքները, այլ ոչ թե որոշելու, թե ով է ճիշտ կամ սխալ: Այն որդեգրում է win-win մոտեցում, որն իրատեսական է, եթե բանակցությունն ընթանում է շահերի առնչությամբ։ Սա օգնում է պահպանել հարաբերությունները՝ այն հատկապես օգտակար դարձնելով ընտանեկան վեճերի, աշխատանքային կոնֆլիկտների և այլ իրավիճակներում, որտեղ շարունակական հարաբերությունները կարևոր են: 

 

Ծախսարդյունավետություն: Հաշտարարությունն ավելի ծախսարդյունավետ է, քան դատավարությունը: Այն սովորաբար ավելի քիչ ձևականացված է, ավելի քիչ են վճարներն ու ծախսերը: Կողմերը կիսում են հաշտարարի վարձատրության վճարը՝ այն դարձնելով ավելի մատչելի տարբերակ վեճերի լուծման համար: Նվազագույնի հասցնելով ծախսերը՝ այն կողմերին հնարավորություն է տալիս ռեսուրսները կենտրոնացնել ապագայի համար, այլ ոչ թե ծախսել իրավական երկարատև գործընթացների վրա:

 

Արագություն և արդյունավետություն. Հաշտարարությունը նաև ավելի արագ գործընթաց է դատական ընթացակարգերի համեմատ: Կողմերը կարող են հաշտարարության հանդիպումներ նշանակել ըստ իրենց հարմարության և աշխատել իրենց հարմար նախընտրելի տեմպերով հանգուցալուծման ուղղությամբ:  

 

 

Ճկունություն. Հաշտարարությունը թույլ է տալիս ճկուն և ստեղծագործ լուծումներ գտնել, որոնք կարող են հասանելի չլինել վեճերի լուծման այլ մեթոդների միջոցով: Կողմերը ուսումնասիրում են տարբերակների լայն շրջանակ և հարմարեցնում լուծումներ՝ իրենց հատուկ կարիքներն ու շահերը բավարարելու համար: 

 

Հաջողության բարձր ցուցանիշներ. Հաշտարարությունը հաճախ ունենում է բոլոր կողմերի համար ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերելու հաջողության բարձր ցուցանիշներ: Գործընթացի համագործակցային բնույթը և միմյանց տեսակետները հասկանալու վրա կենտրոնացումը նպաստում են դրական արդյունքների:

 

Կարևոր է նշել, որ թեև հաշտարարությունը շատ առավելություններ ունի, այն չի կարող հարմար լինել բոլոր վեճերի համար: Բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են վեճի բնույթը, ներգրավված կողմերը և գործընթացում ներգրավվելու նրանց պատրաստակամությունը, կարող են հանգեցնել վեճերի լուծման այլ մեթոդների ընտրությանը, ինչպիսին է արբիտրաժը (հղում դեպի արբիտրաժային բաժին):

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։