ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆՆԵՐ

  1. «ԱՐԲԻՏՐԱԺԻ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամը (այսուհետ` Կենտրոն) ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայ իրավաբանական միության և Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Կենտրոնի մարմինների կառուցվածքը, գործառույթները և լիազորությունները սահմանված են Կենտրոնի Կանոնադրությամբ: Հաշտարարության կանոններ, 1-ին խմբագրություն 5
  2. Սույն Հաշտարարության կանոնների շրջանակում Կենտրոնը հանդես է գալիս որպես «Հաշտարարության մասին» օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ռեեստրում գրանցված մշտապես գործող հաշտարարական հաստատություն, որն ունի հրապարակված Հաշտարարության կանոններ (այսուհետ`Կանոններ) և հաշտարարների ցանկ։
  3. Կենտրոնն ինքնին չի լուծում վեճերը, այն իրականացնում է հաշտարարության գործերի վարում։ Հաշտարարությունն իրականացվում է Կենտրոնի կողմից նշանակված հաշտարարների կողմից, ովքեր վեճը լուծում են Կանոններին համապատասխան։
  4. Կենտրոնի աշխատակազմը գործում է որպես Քարտուղարություն՝ ապահովելով հաշտարարության գործընթացների քարտուղարության գործառույթների իրականացումը։
  5. Կենտրոնի տնօրենը Կանոնների շրջանակում հանդես է գալիս որպես Գլխավոր քարտուղար։ Գլխավոր քարտուղարը կազմակերպում և ղեկավարում է Քարտուղարության աշխատանքները` Կանոններին, Կենտրոնի Կանոնադրությանը և Կենտրոնի կողմից ընդունված այլ իրավական ակտերին համապատասխան:
  1. Սույն Կանոնները հաստատվել են Կենտրոնի Կանոնադրության համաձայն՝ Հոգաբարձուների խորհրդի կողմից և կիրառվում են Կենտրոնի կողմից վարվող բոլոր հաշտարարության գործընթացների համար։
  2. Կողմերը մինչև Կենտրոնի կողմից հաշտարարի նշանակումը կամ հաշտարարի նշանակումից հետո՝ վերջինիս համաձայնությամբ կարող են համաձայնության գալ Կանոններով չնախատեսված ընթացակարգի կամ նախատեսված կանոններից տարբերվող այլ ընթացակարգի վերաբերյալ։ Ընթացակարգային յուրաքանչյուր փոփոխություն ենթակա է հաստատման Քարտուղարության կողմից։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Կենտրոնը կարող է հրաժարվել հաշտարարության գործընթացի վարումից, եթե գտնում է, որ ընթացակարգի փոփոխությունը չի համապատասխանում Կանոնների ոգուն:
  4. Յուրաքանչյուր հաշտարարության նկատմամբ կիրառվում են հաշտարարության դիմումի ներկայացման պահին գործող Հաշտարարության կանոնները, եթե կողմերը այլ բան չեն նախատեսել։
  5. Սույն Կանոններով ուղղակիորեն չկարգավորված ցանկացած հարցում հաշտարարը և Կենտրոնը պետք է գործեն Կանոնների ոգուն համապատասխան։
  1. Սույն Կանոններում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

Հաշտարարություն` գործընթաց, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն, Պարտադիր հաշտարարություն՝ օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը իրականացվող հաշտարարություն կամ դատարանի կողմից նշանակված հաշտարարություն,

Հաշտարար՝ անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ, ով սահմանված կարգով ստացել է արտոնագրված հաշտարարի որակավորում և Կենտրոնի կողմից նշանակված է իրականացնելու հաշտարարություն կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով, Մշտապես գործող հաշտարարական հաստատություն՝ իրավաբանական անձ, որը մշտական հիմունքներով մատուցում է հաշտարարական ծառայություններ,

Հաշտարարության կողմեր՝ վեճ ունեցող ֆիզիկական և/կամ իրավաբանական անձ (անձինք),

Հաշտարարության գործերի կառավարիչ՝ Կենտրոնի աշխատակից, ով պատասխանատու է հաշտարարության գործերի վարման համար,

Քարտուղարություն` Կենտրոնի աշխատակից(ներ), ներառյալ հաշտարարության գործերի կառավարիչը, ովքեր իրականացնում են հաշտարարության գործավարությունը,

Դիմում՝ կողմերի միջև նախնական հաշտարարության համաձայնության առկայության պարագայում հաշտարարության գործընթաց սկսելու դիմում՝ անհրաժեշտ կից փաստաթղթերի հետ միասին,

Հարցում՝ կողմերի միջև նախնական հաշտարարության համաձայնության բացակայության պարագայում հաշտարարության գործընթաց սկսելու դիմում՝ անհրաժեշտ կից փաստաթղթերի հետ միասին,

Հաշտարարության համաձայնություն՝ պայմանագրային կամ ոչ պայմանագրային որոշակի իրավահարաբերության կապակցությամբ կողմերի միջև ձեռք բերված համաձայնություն իրենց վեճը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ,

Հաշտության համաձայնություն՝ հաշտարարության արդյունքում գրավոր կնքված փաստաթուղթ, որն ամրագրում է հաշտարարության կողմերի՝ իրենց միջև առկա վեճի լուծման փոխհամաձայնեցված պայմանները։

  1. Կենտրոնում հաշտարարություն կարող է նախաձեռնվել ինչպես վեճը Կենտրոնին հանձնելու մասին կողմերի միջև առկա նախնական հաշտարարության համաձայնության առկայության պարագայում, այնպես էլ նման համաձայնության բացակայության դեպքում։
  2. Վեճը Կենտրոնում հաշտարարությամբ լուծելու մասին կողմերի միջև նախնական հաշտարարության համաձայնության առկայության պարագայում հաշտարարության գործընթացը նախաձեռնվում է կողմերի կամ կողմերից առնվազն մեկի կողմից Կենտրոնին գրավոր դիմում ներկայացնելու միջոցով։
  3. Վեճը Կենտրոնում հաշտարարությամբ լուծելու մասին կողմերի միջև նախնական հաշտարարության համաձայնության բացակայության պարագայում կողմերը կամ կողմերից առնվազն մեկը կարող է առաջարկել վեճը հանձնել Կենտրոնին՝ այդ մասին գրավոր հարցում ուղարկելով Կենտրոնին։
  4. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն պարագայում Կենտրոնում հաշտարարություն կարող է նախաձեռնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
  5. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության պարագայում Կենտրոնում հաշտարարություն նախաձեռնվում է հաշտարարություն նշանակելու մասին դատարանի որոշման հիման վրա։

1. Այն դեպքում, երբ կողմերի միջև առկա է նախնական հաշտարարության համաձայնություն իրենց վեճը Կենտրոնին փոխանցելու վերաբերյալ, Կենտրոնում հաշտարարության սկիզբ է համարվում կողմերի կամ կողմերից առնվազն մեկի կողմից Կենտրոնին՝ հաշտարարություն իրականացնելու գրավոր դիմում ներկայացնելու օրը։ Դիմումը պետք է ներառի.

(1) տեղեկություն վեճի կողմերի վերաբերյալ՝ կողմերի անունները, ազգանունները, հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեները և ցանկացած այլ կոնտակտային տվյալներ, ինչպես նաև տվյալներ կողմերին ներկայացնող ցանկացած անձի (անձանց) վերաբերյալ,

(2) վեճի նկարագրությունը, (հնարավորության դեպքում նաև՝ վեճի առարկայի դրամական արժեքի գնահատումը),

(3) տեղեկություն վեճի լուծման համար հաշտարարությունից բացի կարգավորման այլ ընթացակարգ(երի) դիմելու կամ դրանց դիմելու վերաբերյալ հնարավոր համաձայնության մասին,

(4) այն պայմանագրի կամ գրավոր համաձայնագրի պատճենը, որով ամրագրված է կողմերի միջև համաձայնությունը իրենց վեճը Կենտրոնում հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ,

(5) ապացույց հաշտարարության առաջարկը մյուս բոլոր կողմերին ուղարկելու մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացված է բոլոր կողմերի կողմից համատեղ։

2. Դիմումը կարող է ներառել նաև․

(1) հաշտարարության իրականացման ժամկետների վերաբերյալ ցանկացած համաձայնություն, կամ դրա բացակայության դեպքում՝ դրա վերաբերյալ առաջարկ,

(2) հաշտարարության լեզվի (լեզուների) վերաբերյալ ցանկացած համաձայնություն, կամ, դրա բացակայության դեպքում՝ առաջարկ այդ լեզվի(ուների) վերաբերյալ,

(3) համաձայնություն հանդիպումների անցկացման վայրի և ձևաչափի վերաբերյալ, կամ դրա բացակայության դեպքում՝ դրանց վերաբերյալ առաջարկ,

(4) բոլոր կողմերի կողմից համատեղ ընտրված հաշտարարի առաջադրում կամ Կենտրոնի կողմից նշանակվելիք հաշտարարին ներկայացվող պահանջների վերաբերյալ առաջարկ:

3. Դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Քարտուղարությունը գրավոր ծանուցում է կողմերին՝ հաստատելով դիմումի ստացումը և տրամադրելով հաշտարարության նախահաշիվը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Եթե դիմումում բացակայում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ տեղեկություն, ապա Քարտուղարությունը դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է դիմումը ներկայացրած կողմին կամ կողմերին՝ խնդրելովշտկել կամ լրացնել բացակայող տեղեկությունը։ Լրացված կամ շտկված դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Քարտուղարությունը գրավոր ծանուցում է կողմերին՝ հաստատելով դիմումի ստացումը և տրամադրելով հաշտարարության նախահաշիվը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:

  1. Այն դեպքում, երբ կողմերի միջև առկա չէ նախնական հաշտարարության համաձայնություն իրենց վեճը Կենտրոնին փոխանցելու վերաբերյալ, ցանկացած անձ, ով ցանկանում է մյուս կողմին առաջարկել վեճը Կենտրոնին հանձնել, կարող է դա անել՝ Կենտրոնին ուղարկելով գրավոր հարցում, որը պարունակում է 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նշված տեղեկատվությունը։ Նման հարցումն ստանալուց հետո Կենտրոնը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է առաջարկի մասին մյուս բոլոր կողմերին և անհրաժեշտության դեպքում աջակցում է կողմերին առաջարկի դիտարկման հարցում՝ տրամադրելով հաշտարարության վերաբերյալ անհրաժեշտ վերաբերելի տեղեկատվություն:
  2. Այն դեպքում, երբ կողմերը համաձայնություն են ձեռք բերում իրենց վեճը Կենտրոնին հանձնելու մասին, հաշտարարության Կենտրոնում հաշտարարության մեկնարկի ամսաթիվ է համարվում այն օրը, երբ Քարտուղարությունը գրավոր հաստատում է ուղարկում կողմերին, որ այդպիսի համաձայնություն է ձեռք բերվել՝ միաժամանակ տրամադրելով նաև հաշտարարության նախահաշիվը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
  3. Այն դեպքում, երբ կողմերը Կենտրոնում հարցումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս իրենց վեճը Կենտրոնին հանձնելու մասին, հաշտարարության գործընթաց չի սկսվում:
  1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարություն պարագայում կիրառվում են սույն Կանոնների 5-րդ կամ 6-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը՝ կախված կողմերի միջև հաշտարարության համաձայնության առկայությունից։
  2. Դատարանի կողմից նշանակված հաշտարարության պարագայում Կենտրոնում հաշտարարության սկիզբ է համարվում հաշտարարություն նշանակելու մասին դատարանի որոշման ստացման ամսաթիվը։ Դատարանի որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում Քարտուղարությունը կողմերին է տրամադրում հաշտարարության նախահաշիվը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր։

1. Հաշտարարության հետ կապված վճարները և ծախսերը, ինչպես նաև դրա վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են սույն Կանոնների Հավելվածով։ Հաշտարարության կողմերը հաշտարարության հետ կապված ծախսերը կրում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ։

  1. Հաշտարարության կողմերը կարող են Կենտրոնի հաստատմանը առաջադրել երկուստեք ընդունելի հաշտարարի թեկնածու՝ այդ մասին նշելով հաշտարարություն իրականացնելու մասին իրենց գրավոր դիմումում կամ հարցման մեջ։
  2. Հաշտարարի համատեղ թեկնածուի առաջադրման բացակայության պարագայում Կենտրոնը, հաշվի առնելով կողմերի՝ հաշտարարություն իրականացնելու գրավոր դիմումում կամ հարցման մեջ նշված հաշտարարին ներկայացվող պահանջների վերաբերյալ առաջարկները, կողմերին է ներկայացնում տվյալ գործով հնարավոր հաշտարարների թեկնածուների ցանկ, որը կողմերին է տրամադրվում սույն Կանոնների 5-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հաստատման հետ միասին։
  3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկը ստանալուց հետո հաշտարարության կողմերը եռօրյա ժամկետում Կենտրոնի հաստատմանն են առաջադրում ցանկից երկուստեք ընդունելի հաշտարարի թեկնածու(ներ)։
  4. Կենտրոնը, սահմանված ժամկետում կողմերի՝ հաշտարարի թեկնածուի առաջադրումը ստանալուց հետո, երկօրյա ժամկետում կայացնում է հաշտարարի թեկնածուի հաստատման կամ հաստատումը մերժելու մասին որոշում։ Սահմանված ժամկետում հաշտարարի թեկնածուի առաջադրում չստանալու պարագայում հաշտարարի ընտրությունը և նշանակումը կատարվում է Կենտրոնի կողմից սահմանված ժամկետի ավարտից հետո երկօրյա ժամկետում։
  5. Հաշտարարին հաստատելիս կամ նշանակելիս Կենտրոնը հաշվի է առնում ապագա հաշտարարի հատկանիշները, ներառյալ՝ լեզուների իմացությունը, փորձառությունը և որակավորումները, ինչպես նաև հաշտարարի ծանրաբեռնվածությունը և Կանոններին համապատասխան հաշտարարություն իրականացնելու կարողությունը:
  6. Կենտրոնը մերժում է առաջադրված հաշտարարի թեկնածուի հաստատումը, եթե առկա է առաջադրված թեկնածուի անկողմնակալության և անկախության վերաբերյալ հիմնավոր կասկած կամ տվյալ գործով հաշտարարության իրականացման համար այլ հիմնավոր խոչընդոտ։ Հաշտարարության կողմերի առաջադրած հաշտարարի թեկնածուի հաստատումը մերժելիս Կենտրոնը հաշտարարության կողմերին է առաջարկում հաշտարարի այլ թեկանածուի(ների)։
  7. Կենտրոնը, հաշտարար է առաջարկում կամ նշանակում, որպես կանոն, իր հաշտարարների ցանկում ներառված անձանցից։
  8. Եթե հաշտարարության որևէ կողմ առարկում է Կենտրոնի կողմից նշանակված հաշտարարի՝ տվյալ գործով հաշտարարության իրականացմանը և այդ մասին գրավոր ծանուցում է Կենտրոնին և վեճի մյուս կողմին (կողմերին)՝ նշելով առարկության հիմնավոր պատճառները, ապա Կենտրոնը նշված ծանուցումը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում է նոր հաշտարարի։
  9. Հաշտարար չնշանակվելու դեպքում Գլխավոր քարտուղարը կայացնում է հաշտարարության գործընթացը դադարեցնելու մասին որոշում։
  1. Նախքան նշանակումը կամ հաստատումը գործով ապագա հաշտարարը ներկայացնում է հաշտարարության գործի առնչությամբ իր հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարություն: Գործով ապագա հաշտարարը պետք է իր հայտարարությունում Կենտրոնին գրավոր բացահայտի ցանկացած փաստ կամ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել հաշտարարի անկախությունն ու անաչառությունը։ Նման հանգամանքների առկայության պարագայում, Կենտրոնը գրավոր տրամադրում է այդ տեղեկատվությունը կողմերին և սահմանում է ժամկետ նրանց կողմից մեկնաբանությունների համար:
  2. Գործով ապագա հաշտարարի անկախության, կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի բացահայտման դեպքում և հաշտարարության կողմերի կողմից նման հիմքերի անտեսման մասին գրավոր համաձայնության բացակայության դեպքում Կենտրոնը սույն Կանոնների 9-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրում է նոր հաշտարար։
  3. Գործով ապագա հաշտարարի անկախության, կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի բացակայության դեպքում կամ հաշտարարության կողմերի կողմից նման հիմքերի անտեսման մասին գրավոր համաձայնության առկայության դեպքում Կենտրոնը տվյալ անձին նշանակում է գործով հաշտարար։
  4. Կենտրոնի կողմից նշանակված հաշտարարը պարտավոր է հաշտարարություն իրականացնել սույն Կանոնների համապատասխան՝ պահպանելով օրենսդրությամբ Կենտրոնի ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները և հաշտարարի վարքագծի կանոնները։
  1. Հաշտարարության յուրաքանչյուր գործով նշանակվում է մեկ հաշտարար, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։
  2. Հաշտարարության գործի բնույթից ելնելով՝ հաշտարարության կողմերի առաջարկով կամ Կենտրոնի նախաձեռնությամբ և հաշտարարության կողմերի համաձայնությամբ գործով կարող է իրականացվել համահաշտարարություն՝ նշանակելով մեկից ավելի հաշտարարներ։ Համահաշտարարության յուրաքանչյուր հաշտարար նշանակվում է սույն Կանոնների 9-րդ հոդվածով սահմանված կարգով։
  1. Հաշտարարության գործով նշանակված հաշտարարի մահվան, պարտականությունների կատարման անհնարինության, հաշտարարության ընթացքում հաշտարարի անկախության, կամ անաչառության նկատմամբ ողջամիտ կասկած հարուցող հիմքերի ի հայտ գալու և հաշտարարության կողմերի կողմից նման հիմքերի անտեսման մասին գրավոր համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև հաշտարարի կամ համահաշտարարության պարագայում հաշտարարներից մեկի հաշտարարության գործով հետագա հաշտարարության իրականացման անհնարինության այլ դեպքում Կենտրոնը փոխարինում է հաշտարարին կամ հաշտարարներից մեկին՝ սույն Կանոնների 9-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակելով նոր հաշտարարի։
  2. Նոր նշանակված հաշտարարը, լսելով կողմերին, որոշում է վերսկսել կամ շարունակել հաշտարարության գործընթացը։
  3. Հաշտարարի փոխարինման անհնարինության դեպքում Գլխավոր քարտուղարը կայացնում է հաշտարարության գործընթացի շարունակության անհնարինության և հաշտարարությունը դադարեցնելու մասին որոշում։
  1. Հաշտարարության կողմերը հաշտարարությանը կարող են մասնակցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ իրենց ներկայացուցիչների հետ միասին։
  2. Հաշտարարության կողմերը հաշտարարության ողջ ընթացքում պետք է լինեն բարեխիղճ և համագործակցեն հաշտարարի և միմյանց հետ՝ նպաստելով հաշտարարության արագ և արդյունավետ իրականացմանը։

1. Հաշտարարության գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով՝ հաշտարարը, սեփական նախաձեռնությամբ կամ հաշտարարության կողմերի միջնորդությամբ, հաշտարարությանը կամ դրա մի մասին կարող է ներգրավվել նաև փորձագետներ, մասնագետներ կամ հաշտարարության կողմ չհանդիսացող այլ մասնակիցներ՝ ստանալով հաշտարարության կողմերի համաձայնությունը։

  1. Հաշտարարության ողջ գործընթացին կամ դրա մի մասին կարող է մասնակցել նաև հաշտարարության գործերի կառավարիչը՝ նախապես դա համաձայնեցնելով հաշտարարի և հաշտարարության կողմերի հետ։
  2. Հաշտարարության գործերի կառավարիչը հաշտարարությանը մասնակցում է դիտորդի կարգավիճակով և իրավունք չունի միջամտելու հաշտարարության անցկացմանը։
  1. Հաշտարարությունը ճկուն գործընթաց է։ Հաշտարարը և հաշտարարության կողմերը ազատ են որոշելու հաշտարարության գորընթացի վարման համար իրենց համար նախընտրելի ձևաչափը և ընթացակարգը՝ առաջնորդվելով Կենտրոնի կողմից սահմանված ուղեցույցներով։
  2. Հաշտարարության գործընթացի վարման ընտրված ձևաչափը և ընթացակարգը չի կարող հակասել օրենսդրական պահանջներին, սույն Կանոններին և Կենտրոնի ներքին իրավական ակտերին:
  1. Յուրաքանչյուր գործով հաշտարարության վայր է համարվում Կենտրոնի գործունեության վայրը, եթե հաշտարարության կողմերը այլ բան չեն նախատեսում։
  2. Հաշտարարության կողմերի և հաշտարարի համաձայնությամբ հաշտարարությունը կամ դրա մի մասը կարող է իրականացվել առցանց եղանակով՝ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ:
  1. Յուրաքանչյուր գործով հաշտարարության լեզուն հայերենն է։
  2. Հաշտարարության գործընթացի համար հայերենից բացի այլ լեզու նախատեսելու պարագայում, ըստ անհրաժեշտության, հաշտարարության գործընթացին կարող է ներգրավվել թարգմանիչ։
  1. Հաշտարարության առաջին հանդիպումը նշանակվում է Կենտրոնի կողմից հաշտարարի հաստատումից/նշանակվելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում։
  2. Հաշտարարության առաջին հանդիպման օրը, ժամը, վայրը, օրակարգը և այլ վերաբերելի հարցեր որոշում է հաշտարարը՝ հաշտարարության կողմերի հետ խորհրդակցելուց հետո։ Հաշտարարության առաջին հանդիպմանը պատրաստվելիս հաշտարարը կարող է առցանց, հեռախոսակապով կամ անձամբ, համատեղ կամ առանձին հանդիպումներ ունենալ հաշտարարության կողմերի հետ։
  3. Հաշտարարության առաջին հանդիպմանը հաշտարարը նույնականացնում է կողմերին և վերջիններիս ներկայացուցիչներին, այլ մասնակիցներին և հաշտարարության կողմերի հետ միասին որոշում են հաշտարարության անցկացման ձևաչափը և ընթացակարգը՝ քննարկելով սույն Կանոնների 16-18-րդ հոդվածներով նախատեսված հարցերը, ինչպես նաև այլ վերաբերելի ընթացակարգային հարցեր։
  1. Հաշտարարությունը իրականացվում է օրենսդրությանը, սույն Կանոններին և Կենտրոնի ներքին իրավական ակտերին համապատասխան՝ հաշվի առնելով հաշտարարության գործի բնույթը և հաշտարարության կողմերի դիրքորոշումը։
  2. Հաշտարարը իրավունք չունի հաշտարարության կողմերին կամ այլ մասնակիցներին տրամադրել իրավական խորհրդատվություն կամ դիրքորոշում հայտնել հաշտարարության բովանդակային որևէ հարցի վերաբերյալ։
  3. Հաշտարարության ընթացքում հաշտարարը կարող է հաշտարարության կողմերին և այլ մասնակիցներին խնդրել տրամադրել հավելյալ տեղեկություններ, գրավոր հայտարարություններ կամ կատարել այլ գործողություններ, որոնք կնպաստեն հաշտարարության գործընթացին։
  4. Հաշտարարության կողմերի համաձայնությամբ՝ հաշտարարությունը կարող է իրականացվել համատեղ կամ առանձին հանդիպումների, ինչպես նաև դրանց համակցության եղանակով։
  5. Հաշտարարության կողմերի առաջարկով կամ հաշտարարի նախաձեռնությամբ և հաշտարարության կողմերի համաձայնությամբ հաշտարարը կարող է ստանալ փորձագետի (մասնագետի) եզրակացություն և խորհրդատվություն հաշտարարության գործընթացին առնչվող հարցերի վերաբերյալ։
  1. Յուրաքանչյուր գործով հաշտարարության գործավարությունը, այդ թվում՝ հաղորդակցությունն իրականացնում է Քարտուղարությունը։ Հաշտարարության գործերի կառավարիչը ապահովում է գործավարության պատշաճ և ժամանակին իրականացումը։
  2. Քարտուղարությունը հաշտարարության գործին առնչվող բոլոր ծանուցումները կողմերին և այլ մասնակիցներին ուղարկում է էլեկտրոնային փոստի կամ հեռահաղորդակցության այլ միջոցներով: Էլեկտրոնային ծանուցումներն ուղարկելու անհնարինության պարագայում դրանք ուղարկվում են պատվիրված նամակով կամ հանձնվում են առձեռն:

1. Սույն Կանոնների ներքո նախաձեռնված հաշտարարության գործընթացը ավարտվում է հաշտարարի կողմից հաշտարարության գործընթացի ավարտի մասին համապատասխան արձանագրությամբ, որը ոչ ուշ քան հաջորդ օրը տրամադրում է կողմերին։ Միաժամանակ, հաշտարարը հաշտարարության ավարտի մասին արձանագրության վերաբերյալ ծանուցում է Կենտրոնին՝ նշելով տեղեկություններ հաշտարարության վարման ընթացակարգի, կողմերի միջև ձեռքբերված համաձայնության կամ նման համաձայնության ձեռք չբերման պատճառների մասին, հաշտարարության ավարտման հիմքը և տրամադրելով ավարտման արձանագրության պատճենը։

  1. Հաշտարարության գործընթացը հաշտությամբ ավարտելու պարագայում կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն։ Հաշտարարության կողմերի ցանկությամբ Կենտրոնը կարող է կողմերին տրամադրել կարծիք հաշտության համաձայնության վերաբերյալ։
  2. Հաշտարարության գործընթացի արդյունքում կնքված հաշտության համաձայնությունը կողմերից բացի ստորագրում է նաև հաշտարարը՝ նշում անելով համաձայնությունը հաշտարարության արդյունքում կնքված լինելու վերաբերյալ։
  1. Հաշտարարությունը մասնավոր և գաղտնի գործընթաց է։ Հաշտարարության կողմերը, հաշտարարը, Կենտրոնը և հաշտարարությանը ներգրավված այլ անձինք բոլոր դեպքերում պետք է պահպանեն հաշտարարության ողջ գործընթացին առնչվող ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը։ Ցանկացած փաստաթուղթ, հաղորդակցություն կամ տեղեկատվություն, որը ի հայտ է եկել, բացահայտվել կամ ստեղծվել է որևէ կողմի կողմից հաշտարարության գործընթացի ժամանակ կամ հաշտարարության գործընթացի համար չի կարող հրապարակվել, քանի դեռ կողմերը այլ բանի մասին գրավոր չեն համաձայնվել։ Գաղտնիությունը տարածվում է նաև հաշտության համաձայնության վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա հրապարակումն անհրաժեշտ է համաձայնության կատարումն ապահովելու համար:
  2. Հաշտարարության ընթացքում բացահայտված որևէ տեղեկություն, այդ թվում՝ փաստաթուղթ, հաղորդակցություն, նամակագրություն, կողմի արտահայտած դիրքորոշում, կատարած առաջարկություն կամ հնչեցրած հայտարարություն, այդ թվում՝ առ այն, որ վերջինս պատրաստ է ընդունել հաշտության որևէ առաջարկ, կամ որևէ փաստի ընդունում (ճանաչում), հաշտարարի կողմից հնչեցված ցանկացած դիրքորոշում կամ կատարված առաջարկություն, չի կարող օգտագործվել որպես ապացույց կամ որևէ կերպ ազդել հաշտարարության կողմերի իրավունքների վրա հետագա արբիտրաժային, դատավարական կամ վեճերի կարգավորման այլ վարույթում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա պահանջվում է կիրառելի օրենսդրությամբ կամ կողմերի միջև առկա է հակառակի մասին համաձայնություն։
  3. Հաշտարարության գաղտնիության մասին հաշտարարության կողմերը կարող են գրավոր կերպով նախատեսել այլ կարգավորումներ։
  1. Հաշտարարություն կարող է նախաձեռնվել և իրականացվել ցանկացած ժամանակ՝ անկախ այն հանգամանքից, թե կողմերի միջև առկա են ընթացիկ կամ ավարտված արբիտրաժային, դատական կամ վեճերի լուծման այլ վարույթներ, բացառությամբ այն դեպքի, երբ կողմերի միջև առկա է հակառակի մասին գրավոր համաձայնություն կամ հաշտարարության նախաձեռնումը և/կամ իրականացումն արգելված է կիրառելի օրենքով։
  2. Հաշտարարը իրավունք չունի որևէ դատական, արբիտրաժային կամ վեճերի լուծման այլ վարույթում հանդես գալ որպես դատավոր, արբիտր, փորձագետ, կողմի ներկայացուցիչ, փաստաբան կամ վարույթի այլ մասնակից, եթե այդ վարույթը վերաբերում է իր կողմից իրականացված հաշտարարության գործին։
  3. Որևէ վեճով դատական, արբիտրաժային կամ վեճերի կարգավորման այլ վարույթում որպես դատավոր, արբիտր, փորձագետ, փաստաբան կամ կողմի այլ ներկայացուցիչ, կամ ցանկացած այլ մասնակից հանդես եկած անձը չի կարող միևնույն վեճով սույն Կանոնների համաձայն իրականացնել հաշտարարություն, բացառությամբ դրա վերաբերյալ կողմերի գրավոր համաձայնության առկայության դեպքի։

1. Հաշտարարը, Կենտրոնը, նրա աշխատակիցներն ու ներկայացուցիչները պատասխանատվություն չեն կրում հաշտարարության գործընթացի հետ կապված որևէ գործողության կամ անգործության համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

1. Հաշտարարության հետ կապված ծախսերը ներառում են՝

(1) Հաշտարարության գործավարության վճարը,

(2) Հաշտարար(ներ)ի վարձատրությունը,

(3) Հաշտարարության գործընթացի արդյունավետ իրականացման նպատակով ներգրավված փորձագետի, մասնագետի կամ այլ անհրաժեշտ ծախսեր։

2. Հաշտարարության յուրաքանչյուր գործով Գլխավորի քարտուղարի կողմից կազմվում է հաշտարարության նախահաշիվ՝ հաշվարկելով հաշտարարության բոլոր ծախսերն ու վճարները։

3. Հաշտարարության հետ կապված ծախսերի և վճարների հաշվարկման համար որպես ուղենիշ ծառայում են հետևյալ արժեքները`

(1) Հաշտարարության գործավարության վճար՝ 70.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները),

(2) Հաշտարար(ներ)ի վարձատրություն՝ մինչև չորս ժամ տևողությամբ հաշտարարության պարագայում 150.000 ՀՀ դրամ, որից հետո յուրաքանչյուր ժամը 50.000 ՀՀ դրամ։ Հաշվարկը կատարվում է ժամավճարով։ Սույն կետով նախատեսված արժեքները չեն ներառում հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները,

(3) Հաշտարարության գործընթացի արդյունավետ իրականացման համար ծագած այլ ծախսերը հաշվարկվում և հաստատվում են հաշտարարության կողմերի հետ՝ ըստ ծագման անհրաժեշտության։ Նշված արժեքները ենթակա են փոփոխման՝ հաշվի առնելով հաշտարարության գործի բնույթը, բարդությունը և այլ վերաբերելի հանգամանքներ։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։

inquiry/application form