ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Վեճի բնույթից և կողմերի նախընտրություններից կախված՝ հաշտարարության ընտրությունը որպես վեճի կարգավորման եղանակ կարող է առաջարկել մի շարք առավելություններ։ Ստորև ներկայացված են ամենատարածված պատճառները, թե ինչու է հաշտարարությունը համարվում արդյունավետ և նպատակահարմար մեխանիզմ․
Կամավորության սկզբունք
Հաշտարարության գործընթացը, որպես կանոն, հիմնված է կողմերի կամավոր համաձայնության վրա։ Կողմերը մասնակցում են գործընթացին՝ սեփական կամքով և պատրաստակամությամբ, ինչը մեծացնում է նրանց ներգրավվածությունը և համագործակցային տրամադրվածությունը՝ նպաստելով վեճի արդյունավետ կարգավորմանը։
Կողմերի ինքնավարություն
Հաշտարարության ընթացքում կողմերը վերահսկում են ոչ միայն գործընթացը, այլև արդյունքը։ Ի տարբերություն դատական վարույթի՝ այստեղ կողմերն ինքնուրույն են մասնակցում որոշումների կայացմանը՝ մշակելով երկուստեք ընդունելի լուծումներ։ Հաշտարարը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ, ով կազմակերպում և ուղղորդում է ընթացող բանակցությունները, սակայն որևէ պարտադրող որոշում չի կայացնում։ Արդյունքի պատասխանատվությունն ամբողջությամբ մնում է կողմերի վրա։
Գաղտնիություն
Հաշտարարության գործընթացն ամբողջությամբ գաղտնի է։ Հաշտարարության ընթացքում տեղի ունեցած քննարկումները և փոխանակված տեղեկատվությունը չեն հրապարակվում և հասանելի չեն երրորդ անձանց։ Գաղտնիության այս երաշխիքը նպաստում է բաց հաղորդակցությանը և կողմերին հնարավորություն տալիս ազատորեն քննարկել հնարավոր լուծումները։
Հարաբերությունների պահպանում
Հաշտարարությունը նպատակ ունի լուծել ոչ միայն իրավական բնույթի վեճերը, այլ նաև միջանձնային տարաձայնությունները՝ կենտրոնանալով կողմերի իրական շահերի և կարիքների վրա։ Այս մոտեցումը, որը հիմնված է փոխշահավետ լուծումների որոնման վրա (այլ ոչ թե՝ ով է օրենքի տրամաբանությամբ իրավացի, ով՝ ոչ), հատկապես օգտակար է այն դեպքերում, երբ կարևոր է պահպանել կողմերի միջև առկա շարունակական և գործակցային հարաբերությունները՝ օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային կամ համագործակցային միջավայրում։
Ծախսարդյունավետություն
Հաշտարարությունը համարվում է համեմատաբար առավել մատչելի մեխանիզմ։ Այն չի պահանջում տարբեր ծախսեր, երկարատև գործընթացներով պայմանավորված լրացուցիչ ռեսուրսներ, իսկ շատ դեպքերում նաև ներկայացուցչի վճար։ Հաշտարարության հետ կապված ծախսերը կողմերը կրում են հավասարապես, ինչը զգալիորեն նվազեցնում է ընդհանուր ծախսերը և թույլ է տալիս միջոցներն օգտագործել արդյունավետ՝ ապագային ուղղված լուծումների համար։
Ճկունություն և ստեղծագործ մոտեցում
Հաշտարարության գործընթացը հնարավորություն է տալիս կողմերին գտնել ոչ ստանդարտ, ստեղծագործ և ճկուն լուծումներ, որոնք իրավական համակարգի այլ օղակներում կարող են անհնարին թվալ։ Կողմերը կարող են քննարկել այլընտրանքային ճանապարհներ և մշակել լուծումներ, որոնք լավագույնս համապատասխանում են իրենց շահերին։
Բարձր արդյունավետություն
Հաշտարարությունը, որպես կանոն, եզրափակվում է փոխադարձ ընդունելի գրավոր համաձայնության հաստատմամբ։ Հաշտարարության բարձր հաջողության տոկոսային ցուցանիշը պայմանավորված է կողմերի գործուն ներգրավվածությամբ և խնդրի խորքային ընկալմամբ։
Հաջողության բարձր ցուցանիշներ
Հաշտարարությունը հաճախ ունենում է բոլոր կողմերի համար ընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերելու հաջողության բարձր ցուցանիշներ: Գործընթացի համագործակցային բնույթը և միմյանց տեսակետները հասկանալու վրա կենտրոնացումը նպաստում են դրական արդյունքների:
Կարևոր է նշել, որ թեև հաշտարարությունը շատ առավելություններ ունի, այն չի կարող հարմար լինել բոլոր վեճերի համար: Բազմաթիվ գործոններ, ինչպիսիք են վեճի բնույթը, ներգրավված կողմերը և գործընթացում ներգրավվելու նրանց պատրաստակամությունը, կարող են հանգեցնել վեճերի լուծման այլ մեթոդների ընտրությանը, ինչպիսին է արբիտրաժը (հղում դեպի արբիտրաժային բաժին):
Ամրագրել
Խորհրդատվություն
Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։