ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դատավորների և փաստաբանների համար անցկացվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց
Դեկտեմբերի 7-8-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) կազմակերպել է երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի դատավորների և փաստաբանների համար։ Դասընթացի նպատակն էր մասնագիտական հանրույթին ներկայացնել վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները, դրանց կիրառման առանձնահատկությունները, ինչպես նաև խորացնել մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։
Դասընթացի մեկնարկին AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը կարևորել է ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում և ներկայացրել Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև արբիտրաժի և հաշտարարության էությունն ու նշանակությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել վեճերի այլընտրանքային լուծման գործիքակազմի գործնական կիրառությանը և փաստաբանների դերակատարությանը արբիտրաժի և հաշտարարության գործընթացներում։ Դասընթացի ընթացքում բանախոսություններով հանդես են եկել AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և ավագ իրավաբան Դավիթ Խաչատրյանը։ Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է արբիտրաժի էությունը, դրա առավելություններն ու միջազգային փորձը, արբիտրաժային համաձայնությանը ներկայացվող պահանջները և դրա վավերության հարցերը, ինչպես նաև արբիտրաժային վճիռների չեղյալ ճանաչման, կատարման և արբիտրաժային վարույթին դատական աջակցություն ցուցաբերելու առանձնահատկությունները։
Դավիթ Խաչատրյանն անդրադարձել է արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեթոդի առավելություններին՝ ընդգծելով արագության, ճկունության և անկողմնակալության կարևորությունը։ Նա ներկայացրել է նաև կողմերի համաձայնության հիմքի նշանակությունը, արբիտրաժային տրիբունալի և արբիտրների ընտրության առանձնահատկությունները, ինչպես նաև AMCA-ի կողմից կիրառվող տեղական և միջազգային ընթացակարգերը։ Քննարկվել են նաև վեճերի արագացված քննության հնարավորությունները և էլեկտրոնային լուծումների կիրառումը, որոնք հնարավորություն են տալիս մասնակցություն ապահովել աշխարհի ցանկացած կետից։
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցները ներգրավվել են թեմատիկ քննարկումների և գործնական վարժությունների մեջ։ Ներկայացվել են հաշտարարության էությունը, պարտադիր հաշտարարության ինստիտուտը, հաշտարարի դերը, հաշտարարության ընթացակարգի առանձնահատկությունները, ինչպես նաև Կենտրոնի կողմից մշակված հաշտարարության կանոնները։ Օրվա կարևոր հատվածը սիմուլյացիոն խաղն էր, որի ընթացքում մասնակիցները գործնականում փորձարկել են իրենց հմտությունները՝ հանդես գալով որպես հաշտարար և հաշտարարության կողմեր։ Վերապատրաստման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու գործնական իրավիճակներ, ստանալու մասնագիտական հարցերի պատասխաններ և փոխանակելու փորձառություն։ Նրանք ընդգծել են ծրագրի բարձր մասնագիտական մակարդակն ու գործնական օգտակարությունը։