Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դադունցը մարտի 18-ին մասնակցել են ICC (Առևտրի Միջազգային Պալատ) միջազգային արբիտրաժի 8-րդ եվրոպական կոնֆերանսին։
Տաթևիկ Մատինյանը և Տիգրան Դադունցը ներկայացրել են AMCA-ի ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ներգրավել առաջադեմ մասնագետների՝ նրանց փորձը ներդնելու Հայաստանում արբիտրաժային ինստիտուտի կայացման ու զարգացման գործում։ Կոնֆերանսի հագեցած օրակարգը ներառում էր արբիտրաժում շահերի վրա հիմնված մոտեցման, բիզնեսի, ինչպես նաև կողմերի շահերը հաշվի առնելով արբիտրաժային վճռի կայացմանն առնչվող հարցերի քննարկումներ։

ICC կոնֆերանսի նպատակն է բացահայտելու, թե ինչպես կարող է արբիտրաժը փոփոխել իր ավանդական դերը՝ հաշվի առնելու ոչ միայն կողմերի իրավունքները, այլ նաև նրանց շահերն ու նպատակները, և արդյո՞ք արբիտրաժը կարող է կողմերից մեկի օգտին վեճը լուծելու գործառույթից անցում կատարել դեպի ավելի ամբողջական՝ երկու կողմերի համար փոխշահավետ լուծման գործընթացի։ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշում է. «Միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցելը կարևոր է, ինչպես AMCA-ն միջազգային հարթակներում ներկայացնելու տեսանկյունից, այնպես էլ ծանոթանալու արբիտրաժի ոլորտում ժամանակակից զարգացումներին և բարեփոխվող իրավական համակարգում նոր խոսքին ու մշակույթին։ Այսպիսի հանդիպումները և քննարկումներն են տալիս նոր գործընկերներ և գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող անձանց և ընկերությունների հետ։ Նմանաբնույթ հարթակներում երկուստեք կարևոր է լսել և կիսել փորձառությունները՝ նորաստեղծ կառույցի զարգացման և կայացման գործում»։

Այս տարի ICC միջազգային արբիտրաժի 8-րդ եվրոպական կոնֆերանսը տեղի է ունեցել Ֆրանսիայի Արդարադատության նախարարության աջակցությամբ։

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Դադունցը նշեց՝ «Նման մասշտաբային միջոցառումների մասնակցությունը հիմնաքարային նշանակություն ունի հայկական իրավական դաշտում արբիտրաժային մշակույթի զարգացմանն ուղղված շարունակական ջանքերի տեսանկյունից: Դրանք հարթակ են հանդիսանում ոչ միայն ընդլայնելու մեզ հետ համագործակցող մասնագետների ցանցը, այլև ներկայացնելու մեր երկրի փորձառությունը և ձգտումը վեճերի արդար և արդյունավետ լուծման մեխանիզմներ ունենալու հարցում: Սրանով մենք ամրապնդում ենք մեր նվիրվածությունը արբիտրաժի համար բարենպաստ միջավայր ստեղծելու գործին»։

Կոնֆերանսի շրջանակներում բացման խոսքով հանդես են եկել Ֆրանսիայի Արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին ով կաևորել է արբիտրաժի և արդարադատության դերն իրավունքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման գործում։
Արբիտրաժային շաբաթի շրջանակներում AMCA-ի ներկայացուցիչները մասնակցեցին նաև այլ միջոցառումների և քննարկումների, որոնք վերաբերում էին սպորտային արբիտրաժին և օլիմպիական խաղերին, արբիտրաժում արհեստական բանականության կիրառությանը և այլն։
Առևտրի Միջազգային Պալատն ամենամեծ, ներկայացուցչական բիզնես կազմակերպությունն է աշխարհում, որի նպատակն է խթանել միջազգային առևտուրը։ ICC-ն ներկայացնում է 45 միլիոն ընկերություններ աշխարհի 100 և ավելի երկրներում: