Search
Close this search box.

Բիզնես ոլորտին առնչվող գործեր, կառուցապատում, հանքարդյունաբերություն, էներգետիկա, հեռահաղորդակցություն, մտավոր սեփականություն, ներդրումային, ֆինանսաբանկային, առևտրային վեճեր և ոչ միայն․ սրանց քննությունն ավելի արագ և արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև վեճերի լուծման այլընտրանքային մեթոդների խրախուսման նպատակ ունի Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը։

Այսօր՝ ապրիլի 1-ին տեղի ունեցավ Արբիտրաժային խորհրդի նիստ, որի շրջանակներում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն՝ Տաթևիկ Մատինյանը անդրադարձավ միջազգային արբիտրաժային խորհուրդ ունենալու կարևորությանը և ընդգծեց խորհրդի դերն ու նշանակությունը կարևոր ռազմավարական փաստաթղթերի մշակման գործում, ինչպես նաև Կենտրոնի կայացման հարցում։ 

Բացման խոսքով հանդես եկավ խորհրդի նախագահ՝ Գրանտ Հանեսսյանը, ով իր խոսքում նշեց մշտապես համագործակցության կարևորության մասին, ինչպես նաև անդրադարձավ խորհրդի նպատակներին: Հանեսսյանը վստահեցրեց՝ աշխատում են ոլորտում առաջատար միջազգային մասնագետների և տեղական իրավաբանների հետ, երաշխավորում են՝ մասնագետները կաշխատեն բարձր մակարդակով: 

«Որպես AMCA արբիտրաժային խորհրդի առաջին նախագահ՝ իմ դերն է առաջնորդել նրա ռազմավարական նպատակները և աջակցել նրա ամենօրյա գործունեությանը: Ես հավատում եմ, որ AMCA-ն կարող է օգնել հասնել նպատակներին: Մեր այցի ընթացքում մենք հանդիպումներ կունենանք միջազգային և հայաստանյան արբիտրաժի առաջնորդների հետ՝ քննարկելու աշխատանքի ռազմավարությունները, որոնք ուղղված են հայկական բիզնեսին ծանոթացնելու վեճերի այլընտրանքային լուծման մշակութին»,- ասաց AMCA-ի արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսսյանը:

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հիմնադրվելով 2023 թվականին, նպատակ ունի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել ավելի բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաև նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը: 

«Արբիտրաժը կարևոր վեճերի լուծման մեթոդ է, որը թույլ է տալիս դատարանների ծանրաբեռնավածությունը նվազեցնել, դրանից զատ տրամադրում է արդյունավետ, արագ, կոնֆիդենցիալ վեճերի լուծման մեթոդ և՛ հայաստանյան, և՛ օտարերկրյա բիզնեսների համար Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց AMCA-ի արբիտրաժային խորհրդի անդամ Հայկ Կուպելյանցը:

Հանդիպումը ամփոփվեց նոր ծրագրերի և նախաձեռնությունների քննարկմամբ և պլանավորմամբ:

Հիշեցնենք, որ Կենտրոնին կարող են դիմել թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք, ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրից: Փաստաթղթերը կենտրոնին հնարավոր է ներկայացնել անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ կենտրոնի կայքում ներբեռտնելու միջոցով: