Search
Close this search box.

Մեկնարկեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից իրականացվող Վերապատրաստում ԶԼՄ ներկայացուցիչների համար դասընթացների շարքը: Օրը սկսեցինք ծանոթությամբ և հարց ու պատասխանով՝ քննարկելով, թե ինչ հարցեր ունեն ներկա լրագրողները արբիտրաժի և հաշտարարության մասին: Միջոցառմանը ներկա էին 28 լրագրող ՀՀ տարբեր լրատվամիջոցներից: AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ողջունեց մասնակիցներին և պատասխանելով լրագրողների հարցերին ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառության ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, Կենտրոնի ծավալած գործունեությունը և մատուցած ծառայությունները: Օրվա երկրորդ հատվածում Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրին հաշտարարության առանձնահատկությունները, առավելությունները և հաշտարարության գործընթացի մանրամասները: Առաջին օրը ամփոփեցինք AMCA-ի Արբիտրաժային Խորհրդի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանի բանախոսությամբ, ով լրագրողներին ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության լուսաբանման առանձնահատկությունները, կիրառելի տերմինոլոգիան և ամբողջ անհրաժեշտ գործիքակազմը, որը ԶԼՄ ներկայացուցիչները կարող են օգտագործել ոլորտը լուսաբանելիս: Ներկայացվեց նաև այն բոլոր պաշտոնական կայքէջերը, որոնցից հնարավոր է ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան: Առաջին օրվա օրակարգը հագեցած էր բանախոսություն-քննարկումներով և հարց ու պատասխանով, լրագրողները մանրամասնորեն ծանոթացան ոլորտի առանձնահակություններին և ինստիտուցիոնալ զարգացմանը: Երկրորդ օրը սկսեցինք սիմուլիացիոն խաղով, որը նպատակ ունի ամրապնդել այն գիտելիքները և տեսական հատվածը, որը ուսումնասիրել ենք առաջին օրվա ընթացքում: Նախապես կազմված խնդրի հիման վրա լրագրողները բաժանվեցին թիմերի և հանդես եկան որպես հաշտարարության կողմեր և հաշտարար: Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես համահաշտարար՝ խաղին ուղղություն հաղորդելու նպատակով: Խաղի ընթացքը թեժ էր, սակայն ի վերջո կողմերը կնքեցին հաշտության համաձայնություն: Այս խաղի մոդելով լրագրողները ավելի հստակ պատկերացում կազմեցին հաշտարարության էության և ընթացակարգային հատվածի մասին: Oրվա խորհուրդը ամփոփվեց կանանց տոնի առթիվ բարեմաղթանքների և նվերների հանձնման արարողությամբ: