Արբիտրաժային վարույթի վերաբերյալ վերապատրաստում արբիտրների և փաստաբանների համար
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) մեկնարկել է Կենտրոնի արբիտրների և փաստաբանների վերապատրաստման դասընթացը։ Միջոցառման նպատակն է փաստաբաններին և AMCA-ի արբիտրներին ներկայացնել արբիտրի դերը, վարքագծի կանոնները, պարտականությունները, ինչպես նաև արբիտրաժային վարույթի իրականացման ամբողջ գործընթացը։ Դասընթացի բացման խոսքով հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ «Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև կիսել իրենց փորձառությունները և ստեղծել նոր համագործակցություններ՝ նպաստելով արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում», - նշեց Տաթևիկ Մատինյանը։
Օրվա առաջին հատվածում ներկայացվեց արբիտրի դերի և պարտականությունների, վարքագծի կանոնների, AMCA-ի արբիտրաժային կանոնների, ինչպես նաև բացարկ հայտնելու հիմքերի մասին մանրամասն տեղեկատվություն։ Իսկ երկրորդ հատվածում AMCA-ի արբիտրաժային խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը ներկայացրեց արբիտրաժային գործի քննությունը և ընթացակարգի մանրամասները։ Քննարկվեցին նաև արբիտրաժային նիստի նախապատրաստման, իրականացման, ապացույցների գնահատման և արբիտրաժային վճռի նախագծման հիմքերը։ «Արբիտրաժի և հաշտարարության գործընթացները կարևոր նշանակություն ունեն ADR համակարգում, և մեր նպատակն է մասնագետներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն լուծել վեճերը», - նշեց Հայկ Կուպելյանցը։ Առաջին օրն ամփոփվեց մասնակիցների և բանախոսի միջև հարցուպատասխանով և մասնագիտական քննարկմամբ։ Դասընթացի երկրորդ օրվա մեկնարկը տվեց AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ով ներկայացրեց AMCA-ի արբիտրաժային կանոնների հիման վրա արբիտրաժային վարույթի իրականացման մանրամասները։ Նա անդրադարձավ արբիտրաժային վարույթի փուլերին, այդ փուլերում արբիտրների և Կենտրոնի կողմից իրականացվող գործողություններին, ինչպես նաև այնպիսի արբիտրաժային վճռի կայացմանը, որը ենթակա չի լինի չեղյալ ճանաչման։ AMCA-ի կողմից մշակված ձևաթղթերը, ինչպիսիք են գործի քննության ընթացակարգի արձանագրության, արբիտրաժային վճռի և այլ փաստաթղթերի տիպային օրինակները, ևս ներկայացվեցին և քննարկվեցին։
Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու մի քանի գործնական իրավիճակներ, որոնք վերաբերում էին արբիտրաժային համաձայնության վավերությանը, Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժային կարգով քննության ենթակա հարցերի շրջանակին, արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերին և այլ հարցերի։ Այս դասընթացը դարձավ հարթակ մասնագետների համար՝ ձեռք բերելու նոր հմտություններ, փոխանակելու փորձառություն և ձևավորելու արժեքավոր համագործակցություններ։
Միջոցառումը նպաստեց արբիտրաժի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանն ու արդիականացմանը, ինչը մեծապես կբարձրացնի ոլորտի պրակտիկայի որակը և արդյունավետությունը։