Լևոն Սահակյանն իր մասնագիտական ուղին սկսել է մասնավոր ընկերությունում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Ավելի քան 10 տարվա ընթացքում նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ՝ այդ թվում գլխավոր տնօրենի պաշտոն մասնավոր կազմակերպություններում։
Լևոն Սահակյանն ունի նաև մեծ ակադեմիական փորձ։ Նա գերազանցությամբ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ ուսումնական ծրագիրը։ Ավարտելով ասպիրանտուրան՝ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան և ունի դոցենտի գիտական կոչում։
Իր մասնագիտական գործունեությանը զուգահեռ՝ Լևոն Սահակյանը ակտիվորեն ներգրավված է ակադեմիական կյանքում։ Նա իր դասախոսական գործունեությունը սկսել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում, իսկ ներկայումս դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական հաշվառման ամբիոնում՝ ղեկավարելով մագիստրոսական կրթական ծրագիրը։ Նա նաև ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։
Լևոն Սահակյանը բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է և դասագրքի համահեղինակ։