Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի գրասենյակում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում Հայաստանի սպորտային արդյունաբերության, հեռահաղորդակցության և ապահովագրական ոլորտների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման սկզբում ներկայացվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման նպատակները և անելիքները, ինչպես նաև կենտրոնի կողմից մատուցվող արբիտրաժային ծառայությունները։ Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր սպորտային արբիտրաժի առանձնահատկություններին, որը կրում էր «Սպորտային արբիտրաժ․ խնդիրներ և հնարավորություններ» խորագիրը։ Վերջինիս մասնակցում էին սպորտային իրավաբաններ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից (ՀՖՖ), «Արարատ», «Շիրակ», «Ուրարտու», «Նոա» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբներից, ինչպես նաև այլ հյուրեր։
Կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը ներկայացրեց AMCA-ի տեսլականը Կենտրոնում սպորտային վեճերի լուծման հեռանկարների վերաբերյալ, որից հետո ակտիվորեն քննարկվեցին Հայաստանում սպորտային արբիտրաժի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպիսիք են սպորտային վեճերի առանձնահատկություններով պայմանավորված արբիտրունակության հարցը, հնարավոր վեճերի ընդհանուր շրջանակը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները ՖԻՖԱ-ի կարգավորումների լույսի ներքո և առևտրային բնույթ ունեցող սպորտային վեճերի՝ Կենտրոնի իրավասությանը հանձնելու հնարավորությունները։ Հանդիպման մասնակիցները ևս կիսվեցին իրեն փորձով և գործունեության ընթացքում ծագած խնդիրներով՝ ի դեմս Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կարևորելով անկախ ազգային արբիտրաժային կենտրոնի գործունեությունը սպորտային մի շարք վեճերի առավել դյուրին հանգուցալուծման առնչությամբ։