Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ ձևավորվել է Հայաստանում ստեղծվող նոր Արբիտրաժային կենտրոնի Խորհրդատվական հանձնաժողովը, որը նպատակ ունի ցուցաբերել մասնագիտական աջակցություն՝ կենտրոնի ստեղծման աշխատանքներին:

ԱՆ հաղորդագրության համաձայն՝ խորհրդատվական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են արբիտրաժի ոլորտում հանրաճանաչ միջազգային և ազգային 26 մասնագետներ: Ընդ որում, նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծումից հետո Խորհրդատվական հանձնաժողովի անդամները կարող են հետագայում դիտարկվել նաև որպես նոր կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամի թեկնածուներ և արբիտրներ:

Խորհրդատվական հանձնաժողովում են ներգրավվել ինչպես կայացած արբիտրաժային պրակտիկա ունեցող տարբեր երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Սինգապուրի, Չինաստանի (Հոնգ Կոնգ), Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ հայտնի արբիտրաժային հաստատություններում փորձառություն ունեցող ներկայացուցիչներ։