Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։
Կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց ընթացիկ վերանորոգման աշխատանքները, ներկայացրեց բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետներն ու բանակցային գործընթացը։
Նախարարը խոսեց նորաստեղծ կենտրոնի գործունեության մասին՝ կարևորելով դրա դերը Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման գործում։ Նախարարի խոսքով, կենտրոնը կարևոր է այն առումով, որ հնարավորություն կտա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող բիզնեսներին, այդ թվում՝ Հայաստանում ներդրումներ կատարողներին և նախատեսողներին, վեճերը վստահել մասնագիտացված կառույցի՝ ներգրավելով լավագույն մասնագետներին, լուծել դրանք արդարացիորեն և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան:
Անդրեա Վիկտորինը նույնպես ողջունեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը և ևս մեկ անգամ վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու այս ուղղությամբ հետագա համագործակցությանը։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշեց, որ Կենտրոնը միտում ունի լուծելու ոչ միայն ներպետական գործերը, այլև դառնալ միջազգային արբիտրաժային հիմնարկ՝ ներգրավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործեր։