Նոյեմբերի 17-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որն իրականացվում էր «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։
Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն՝ Տիգրան Դադունցը։
Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։
Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան և Ռամոն Թենան։ Առաջին օրը փորձագետները խոսեցին վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների և բանակցությունների մասին։ Քննարկում ծավալվեց վեճերի և դրանց այլընտրանքային լուծումների մասին։
Ուսումնասիրվեցին հետևյալ թեմաները.
- ՎԱԼ մեթոդների ներկայացում և բանակցություններ
- Վեճերի լուծման նոր հեռանկարներ
- Նախորդ հանդիպման շարունակություն; Ռեֆլեքսիայի ձևաթղթեր
- Հաշտարարության գործընթացի առանձնահատկությունները, հաշտարարի վարքագծի կանոնները, հաշտարարի իրավունքներն ու պարտականությունները
- Հաղորդակցման գործիքներ
- Նախորդ հանդիպման շարունակություն; Ռեֆլեքսիայի ձևաթղթեր
- Փոփոխություններ հաշտարարության մասին օրենքում, լիցենզավորված հաշտարարների ռեեստր, պարտադիր հաշտարարության իրականացման առանձնահատկությունները, հաշտարարության պայմանագրի մշակումը.
- Հաշտարարի պրոֆիլը
- Հաշտարարության նախապատրաստում
- Հաշտարարությունն աշխատանքային վեճերում. աշխատանքային օրենսդրության սկզբունքներ, գործատուի և աշխատողի իրավունքներ և պարտականություններ, աշխատանքային պայմանագիր և դադարեցման հիմքեր, աշխատանքային ժամեր և հանգստի իրավունք
- Շահերի և կարիքների բացահայտում
- Հաշտարարություն հարևանային իրավունքի և վարկային պայմանագրերի հետ կապված վեճերում` վերլուծելով հաշտարարության պայմանագրի բնութագրերը
- Հաշտարարություն ընտանեկան վեճերում. ամուսնական պայմանագրի կնքում և լուծարում, ամուսինների անձնական իրավունքներ և պարտականություններ, ծնողների և երեխաների իրավունքներ և պարտականություններ, ալիմենտի պարտավորություններ.
- Դատական գործով լիցենզավորված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարության գործընթացի նախաձեռնում, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ արտադատական հաշտարարության համաձայնագրի հաստատման վարույթի առանձնահատկությունները.
Իրականացվող այս նախաձեռնությունն ուներ 20 մասնակից։ Նրանցից 7-ը գործող հաշտարար են, մյուսները՝ նոր մասնակիցներ։ Գործող հաշտարարների համար սա վերապատրաստման դասընթաց էր, իսկ մյուսների համար՝ որակավորման քննությանը մասնակցելու դասընթաց։ Ծրագրի նպատակն էր զարգացնել Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային համակարգը՝ բարձր որակավորում ունեցող հաշտարարների խմբի ձևավորման միջոցով։ Այս բարեփոխումը միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն։
Ստացվել էր ծրագրի մասնակցության շուրջ 80 հայտ։
Իր խոսքում AMCA֊ի տնօրեն տիկին Մատինյանը վստահեցրեց, որ այսօրինակ դասընթացները շարունակական են լինելու՝ Հայաստանում հաշտարարի ինստիտուտի զարգացման և դրանով իսկ վեճերի լուծման այլընտրանքային մեթոդների կիրառումը խրախուսելու համար։
Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից մշակված 40 ժամ տևողությամբ ուսումնական ծրագիրը ներառում էր հաշտարարության տեսության հիմնարար սկզբունքներն ու դրանց գործնական կիրառումը։
Ինչպես վերը նշվեց, հիմնական դասընթացավարներն էին Եվրոպայի խորհրդի փորձագետներ Սոֆիո Չաչավան և Ռոման Թենան։ Միջազգային փորձագետներից զատ ամեն օր դասախոսությամբ հանդես են եկել նաև հայ փորձագետներ ու դատավորներ, խոսելով ներպետական զարգացումների և հաշտարարության մասին օրենսդրական կարգավորումների և այլ հարցերի մասին։
Դասընթացի վերջին օրը մասնակիցներին վկայականներ հանձնեցին «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։
Որակավորման քննությունը նախատեսված է 2023թ. դեկտեմբերի մեկին։
Այս նախաձեռնությունը Եվրոպայի խորհրդի, ՀՀ արդարադատության նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) արդյունավետ համագործակցության արդյունք է, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից։