“GAR Live: Women in Arbitration” event in France

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցել են դեկտեմբերի 7֊ին Փարիզում անցկացվող «GAR Live: Women in Arbitration» միջոցառմանը:

Միջոցառման բանախոսների շարքում էին միջազգային արբիտրաժային հաստատությունների նախկին և ներկա ղեկավարները, ինչպես նաև միջազգային իրավաբանական հայտնի գրասենյակների գործընկեր իրավաբանները:

Բանախոսությունները նվիրված էին միջազգային արբիտրաժի առկա մարտահրավերներին, կանանց ներգրավվածությունը խթանելու գործիքներին, ESG պարտավորությունների ընդլայնմանը զուգահեռ արբիտրաժի կիրառությանը, ինչպես նաև հանքագործության ոլորտում արբիտրաժի կիրառման ներկա միտումներին և մարտահրավերներին:

Տիկին Մատինյանն ու Տիկին Պետրոսյանը նաև Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ։

Հանդիպման ընթացքում տիկին Մատինյանը ներկայացրել է նորաստեղծ արբիտրաժային կենտրոնի գործունեության առանձնահատկությունները և ընդգծել նմանատիպ միջազգային կենտրոնի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ֆրանսիայում բնակվող հայազգի իրավաբանների ներուժի ներգրավման կարևորությունը՝ Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման գործում։