AMCA արբիտրաժային տրիբունալի որոշումը հայցի ապահովման միջոցներ կիրառելու ex parte միջորդության վերաբերյալ

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում քննվող միջազգային արբիտրաժային գործով միանձնյա արբիտրը մերժել է հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության քննությունն առանց մյուս կողմի մասնակցության (ex parte)։

Այս գործով վեճը բխում է կողմերի միջև կնքված մատակարարման պայմանագրից։ Ըստ Հայցվորի՝ Պատասխանողը չի կատարել ապրանքների մատակարարման իր պարտավորությունը և հրաժարվում է վերադարձնել կանխավճարը։ Տրիբունալի կազմավորումից հետո Հայցվորը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով արգելանք դնել Պատասխանողի գույքի վրա հայցագնի չափով։

Տրիբունալի վերլուծությունը

Արբիտրաժային տրիբունալը անդրադառնալով հայցվորի ex parte՝ առանց պատասխանողին ծանուցելու միջնորդությանը նշել է, որ կիրառելի իրավունքը հստակորեն չի սահմանում արբիտրաժում ex parte կարգով հայցի ապահովման միջոցների կիրառման քննության հնարավորությունը։ Ավելին, արբիտրը վկայակոչել է Օրենքի 18-րդ հոդվածը, որը երաշխավորում է կողմերի հավասարությունը և յուրաքանչյուր կողմի՝ իր դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը: Տրիբունալը հստակորեն ընդգծել է, որ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների 24-րդ հոդվածի համաձայն՝ արբիտրաժային տրիբունալը պետք է գործի արդար և անկողմնակալ և կողմի համար ապահովի իր գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորություն։

Տրիբունալը,  անդրադառնալով նաև Հայցվորի այն մտահոգությանը, որ Պատասխանողը, միջնորդության մասին տեղեկանալով, կարող է քայլեր ձեռնարկել արբիտրաժային վճռի կատարումից խուսափելու համար, գտել է, որ նույնիսկ միջնորդությունը ex parte կարգով բավարարելու պարագայում, պատասխանողը կծանուցվեր Տրիբունալի միջանկյալ վճռի մասին՝ դրա հարկադիր կատարման ընթացքում։

Հետևաբար, հաշվի առնելով «Առևտրային արբիտրաժի մասին»  ՀՀ օրենքի 36.1-ին հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխով սահմանված ընթացակարգերը, հայցի ապահովման միջոցների ex parte կարգով քննությունը որևէ գործնական նշանակություն չէր ունենա։

Տրիբունալի եզրահանգումները

Տրիբունալը որոշեց հայցի ապահովման միջնորդությունը քննել և դրա վերաբերյալ որոշում կայացնել Պատասխանողին միջնորդության մասին պատշաճ ծանուցելուց հետո։ Ըստ այդմ՝ Հայցվորը պետք է Պատասխանողին ծանուցեր միջնորդության մասին, իսկ վերջինիս տրվում էր 10 օր՝ միջնորդության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Հայցվորը Տրիբունալի սահմանած պահանջներին  համապատասխան ծանուցեց Պատասխանողին հայցի ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության մասին։

Արբիտրաժային պրակտիկայի զարգացման ուղենիշներ

Միջազգային առաջատար արբիտրաժային կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ արբիտրաժային տրիբունալների կողմից թափանցիկ և հիմնավորված որոշումների կայացումը էապես նպաստում է արբիտրաժի նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Մասնավորապես, ICC-ի, LCIA-ի, SIAC և այլ հեղինակավոր արբիտրաժային հաստատությունների պրակտիկայում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արբիտրաժային վարույթների՝ կողմերի համար հավասար հնարավորությունների տրամադրմամբ իրականացմանը, ներառյալ հայցի ապահովման միջոցների կիրառման հարցում։ Այս մոտեցումը ենթադրում է, որ, որպես կանոն, հայցի ապահովման միջոցների վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ բոլոր կողմերին պետք է տրվի իրենց դիրքորոշումները ներկայացնելու հավասար հնարավորություն։      

Կենտրոնում քննվող գործով Տրիբունալի որդեգրած մոտեցումը, միջազգային չափանիշներին համապատասխան, միտված է երաշխավորելու կողմերի հավասա-րությունը և իրենց գործը ներկայացնելու ողջամիտ հնարավորությունը։

Նյութը պատրաստեց՝ Կենտրոնի ավագ իրավաբան ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ