Հունիսի 3-ից 7-ը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը մասնակցեցին Լոնդոնի միջազգային վեճերի շաբաթին։ Գործուղման ընթացքում նրանք մասնակցեցին միջոցառման գլխավոր համաժողովին, որը կրում էր «Միավորվելով հանուն գլոբալ մարտահրավերների և հնարավորությունների» խորագիրը։ Համաժողովը համախմբել էր դատական համակարգի նշանավոր ներկայացուցիչների, ոլորտի առաջատար միջազգային մասնագետների, արբիտրների և բիզնես առաջնորդների՝ քննարկելու վեճերի լուծման զարգացող ոլորտը:
Կոնֆերանսի առանցքային ելույթը տրված էր Բարոնուհի Carr of Walton-on-the-Hill-ին, ով Անգլիայի և Ուելսի դատական իշխանության և դատարանների նախագահն է։ Տարբեր պանելային քննարկումների ընթացքում մասնակիցները լսեցին արհեստական բանականության դերի, արբիտրաժային վճիռների և դրանց կատարման հարցերի, արբիտրաժի ֆինանսավորման և մարտահրավերների, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի և այլ երկրների ֆինանսավորման շուկայի առջև ծառացած հնարավորությունների մասին:
Գործուղման երկրորդ օրվա ընթացքում Տաթևիկ Մատինյանը և Լիլիթ Պետրոսյանը մասնակցեցին GAR Live: ISDS 2024 միջոցառմանը։ Այս ինտերակտիվ համաժողովը համանախագահում էին Ruth Byrne-ը King & Spalding-ից և Christopher Harris KC-ն 3VB-ից: Համաժողովի ընթացքում տարբեր մասնագետներ կիսվեցին իրենց պատկերացումներով ներդրողների պետական վեճերի կարգավորման (ISDS) ոլորտում անհրաժեշտ զարգացումների վերաբերյալ:
Հունիսի 6-ին կայացած պանելային քննարկումը նվիրված էր արհեստական բանականությանն ու իրավական ոլորտում դրա կիրառությանը։ Պանելային քննարկման բանախոսները անդրադարձան արհեստական բանականության արագ փոփոխվող ոլորտին և տեխնիկական սահմանափակումների հետ կապված մարտահրավերներին: Մասնակիցները նաև քննարկեցին, թե ինչպես կարող են կողմերը նվազագույնի հասցնել արհեստական բանականության կիրառության հետ կապված ռիսկերը:
Լոնդոնի միջազգային վեճերի շաբաթը հաջողված և արդյունավետ միջոցառում էր, որը նպաստեց արբիտրաժում նոր միտումների և պրակտիկայի վերաբերյալ իրազեկմանը` միաժամանակ մասնակիցների համար ապահովելով նոր կապեր ձեռք բերելու հնարավորություն:







