Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հունվարի 29-ին հյուրընկալել էր ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, ՀՀ Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանին, AMCA-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցին և վերջինիս տեղակալ Դավիթ Ղարիբյանին:
ՀՀ Արդարադատության նախարարն ու ներկայացուցիչները AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին և ծանոթացան Կենտրոնի կառուցվածքին, գործունեությանը և ընթացիկ աշխատանքներին:
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` անդրադառնալով AMCA-ի գործունեությանը նշեց. «Արբիտրաժի և հաշտարարության զարգացումը Հայաստանում օրվա հրամայականն է և ուրախալի է նմանատիպ պրոֆեսիոնալ Կենտրոնի ստեղծումը մեր երկրում, որի առաջադեմ արբիտրաժային և հաշտարարության կանոնները և հեղինակավոր մասնագետների աջակցությունը կարող են նպաստել իրավական մշակույթի զարգացմանը Հայաստանում»։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը խոսեց արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտի կայացման կարևորության և Կենտրոնի կողմից մատուցած ծառայությունների մասին` անդրադառնալով նաև ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտությանը, դատարանների հետ համագործակցությանը և վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների զարգացմանը։