Հունվարի 26-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հյուրընկալել էր Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, Ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին, Ծրագրի ավագ ղեկավար Նատալյա Ադամյանին։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց Կենտրոնի մատուցած ծառայությունները, արբիտրաժի և հաշտարարության մասին հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքները, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը և առաջիկա ծրագրերն ու նպատակները:
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն ողջունեց նորաբաց կենտրոնի ստեղծումը՝ կարևորելով այս նախաձեռնությունը և հաջողություն մաղթելով կենտրոնին ստանձնած առաքելությանը հասնելու գործում։
ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն անդրադարձավ ԵԽ կողմից՝ Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների զարգացմանն ուղղված վերջին տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության չափանիշներին համապատասխան օրենսդրության կատարելագործմանն ուղղված փորձագիտական աջակցության տրամադրմանը, և հետագա հնարավոր համագործակցությանը։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշեց. «Ուրախ եմ այսօր հյուրընկալելու ԵԽ-ի մեր գործընկերներին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում։ Երկուստեք շատ կարևոր հանդիպում է, քանի որ մենք ԵԽ-ի հետ փոխհամագործակցությամբ իրականացրինք բավական հաջողված դասընթաց հաշտարարների համար և ես վստահ եմ, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կբերի էլ ավելի օգտավետ ծրագրերի իրագործմանը»։