Այսօր Հայաստանի իրավաբանների ասամբլեայի առաջին պանելային քննարկմանը ելույթ ունեցավ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Իր ելույթի ընթացքում տիկին Մատինյանն ընդգծեց արբիտրաժի առավելությունները, մասնավորապես՝ վեճերի լուծումը մասնագիտացված արբիտրների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում։ Արբիտրները նշանակվում են վիճող կողմերի կողմից:
Արբիտրները կարող են լինել աշխարհի ցանկացած երկրից, քանի որ «Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնը» հնարավորություն է ընձեռում իրականացնել արբիտրաժային ողջ գործընթացը հեռակա կարգով: Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համագործակցությանը՝ կենտրոնի տնօրենը նշեց, որ AMCA-ն նման համագործակցության լավագույն օրինակն է, քանի որ կենտրոնի երեք հիմնադիրներից երկուսը հայկական սփյուռքի ներկայացուցիչներ են՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և հայ իրավաբանների միությունը: Կենտրոնի աշխատանքներում որպես արբիտրներ և փորձագետներ ներգրավված են բազմաթիվ հայ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Տաթևիկ Մատինյանը հատուկ շնորհակալություն հայտնեց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին՝ այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար և վստահություն հայտնեց, որ մեր հայրենակիցների մասնագիտական փորձի փոխանակումը հայաստանյան իրենց գործընկերների հետ կարող է նպաստել ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը։