Հոկտեմբերի 12-ին, մեկնարկեց բիզնեսի ներկայացուցիչների և փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)` նպատակ ունենալով փաստաբաններին ներկայացնել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը: Բացման խոսքով հանդես եկավ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, ընդգծելով ոլորտի արդիականությունը, նշեց․ «Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև իրավական մշակույթի զարգացմանը մեր երկրում, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և նվազ ծախսատար»։ Քննարկվեց արբիտրաժի և հաշտարարության հաստատությունների դերը՝ AMCA-ի օրինակով: Վերլուծվեցին այլընտրանքային վեճերի լուծման մեթոդների առավելություններն ու փաստաբանի դերի կարևորությունը: Քննարկվեցին արբիտրաժի ընթացակարգային հարցերը և ակտերի հարկադիր կատարման մեխանիզմները՝ համաշխարհային պրակտիկայի համեմատ: Ծրագրի երկրորդ հատվածը նվիրված էր հաշտարարության գործընթացին։ Ծրագրի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան ոլորտի պրոֆեսիոնալները։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը իր բանախոսության շրջանակներում մանրամասնորեն ներկայացրեց արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցման, արբիտրաժային տրիբունալի ձևավորման, արբիտրաժային համաձայնության վավերության, արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման առնչությամբ հարցերը։ «Հաշտարարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով, հանդես եկավ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, ով ներկայացրեց իրականացված և պլանավորվող բարեփոխումները, հաշտարարների որակավորման ընթացակարգի առանձնահատկությունները և Հայաստանում վեճերի լուծման նոր մշակույթի ձևավորման նախադրյալները Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց արբիտրաժային կարգով վեճը լուծելու առավելությունները, քննարկման առանձնահատուկ թեմա դարձավ արբիտրաժի կարևորությունը բիզնեսի համար, քանի որ արբիտրաժի միջոցով արագ լուծվող վեճերը նպաստում են բիզնեսի անխափան զարգացմանը: Ծրագրի 2-րդ հատվածում բանախոսությամբ հանդես եկավ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ղարիբյանը, ով հանդիսանում է և՛ փաստաբան, և՛ հաշտարար: Քննարկվեց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշտարարության իրականացման կարգը, ինչպես նաև պրակտիկ օրինակներով վերլուծվեց հաշտարարության գործընթացի տարբեր փուլերը: Մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը, իսկ բանախոսության ավարտին ունեցան քննարկում՝ ոլորտի մարտահրավերների և խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Որպես օրվա ամփոփում Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդարդարձավ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառելությանն ու ՀՀ-ում վերջինիս զարգացման նախադրյալներին: Մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառման ոլորտում՝ ուղղված իրենց վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: