Ամփոփվեց Հայաստանի երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային շաբաթը, որի նպատակն էր համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու ոլորտի արդիական թեմաները։ Ոլորտի լավագույն մասնագետները կիսվեցին իրենց փորձով ու հմտություններով։

Քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ արբիտրաժի հեռանկարները. զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը, արբիտրաժի դինամիկան. նավարկելու հնարավորությունները և մարտահրավերները զարգացող տնտեսություններում, տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունը արբիտրաժի ապագայի վրա, դատարանների և արբիտրաժի համագործակցությունը, հաշտարարության և արբիտրաժի կապը և այլ արդիական թեմաներ։

Կոնֆերանսին մասնակցում էին 200-ից ավել մասնակիցներ աշխարհի ավելի քան 20 երկրներից։ Բանախոսները ևս ընտրված էին աշխարհի ամենահայտնի և փորձառու մասնագետներից, ովքեր ոլորտում իրենց կայուն դիրքն ունեն։ Կոնֆերանսի պաշտոնական բացումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով ողջունեց ներկաներին, ընդգծեց միջոցառման կարևորությունն ու շարունակական աշխատանքները, որոնք տարվում են ՎԱԼ համակարգի բարելավման նպատակով։

Ապա ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)/Հայաստանում առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալելոն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ​​ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Նյու Յորքի անկախ արբիտր AMCA Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը կոնֆերանսի հիմնական բանախոսն էր, ոով անդրադարձավ արբիտրի անկախության և անաչառության կարևորությանը, ինչպես նաև, թե, երբ և ինչպես պետք է իրականացնել բացահայտման պարտականությունը։ Բանախոսը ներկայացրեց նաև արբիտրաժի հետ կապված ՀՀ զարգացումները և AMCA-ի գործունեությունը: Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշեց․ ​«Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլ նաև կիսել իրենց փորձառությունները և ստեղծել նոր համագործակցություններ՝ նպաստելով արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի դերն է նպաստել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների հանդեպ մարդկանց վստահության ամրապնդմանը» Արբիտրաժային շաբաթը չսահմանափակվեց միայն միջազգային կոնֆերանսով, դրան հաջորդեցին հարակից միջոցառումները, որոնք ևս մեծ հետաքրքրություն առաջացրին մասնակիցների մոտ։

Արբիտրաժային շաբաթվա հարակից միջոցառումների թեմաներն ընդգրկում էին՝

• Էթիկան արբիտրաժում,

• Արբիտրաժը կառուցապատման, բանկային և առևտրային ոլորտներում

• Արբիտրաժի ուսուցումը իրավական կրթության կարևոր տարր,

• Միջազգային տնտեսական պատժամիջոցների ազդեցությունները,

• Արհեստական բանականություննը արբիտրաժում

• Սպորտային արբիտրաժի զարգացումը,

Որպես Արբիտրաժային շաբաթվա ամփոփում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սեպտեմբերի 7-8 ին իրականացրեց դասընթացների շարք խոշոր և միջին բիզնեսի, բանկերի ներկայացուցիչների և փաստաբանների համար։ Այս դասընթացը կարևոր քայլ է փաստաբանների և բիզնեսի ներկայացուցիչների համար՝ արբիտրաժային և հաշտարարության գործերով ներկայացուցչություն իրականացնելու կարողությունների զարգացման հարցում: Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը», վերջինիս դերն ու գործառույթները։

Բանախոսությամբ հանդես եկան նաև AMCA Հոգաբարձուների խորհրդի անդամ Վանիկ Մարգարյանը, AMCA Հոգաբարձուների խորհրդի անդամ Լևոն Գոլենդուխինը, Օրենսդրության զարգացման կենտրոնի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը։ Առանձնահատուկ շնորհակալություն միջազգային արբիտրաժային կոնֆերանսի համակազմակերպիչ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամին, միջոցառման աջակիցներին՝ Եվրոպական Միություն, UNDP, USAID, ADB, Sigma Law Group, Adwise Consulting, AGBU և իհարկե կամավորներին, առանց որոնց միջոցառումը չէր կարող կայանալ։

AMCA-ն մշտապես կարևորում է իրավական դաշտի զարգացմանը զուգընթաց իրազեկումների և մասնագիտական քննարկումների իրականացումն ու միշտ բաց է նոր առաջարկների և համագործակցությունների համար։