ԱՐԱԳԱՑՎԱԾ Ընթացակարգ
Արագացված ընթացակարգը հատուկ, «արագ-վարույթի» ընթացակարգ է, որը նախատեսված է Կենտրոնի Արբիտրաժային կանոններով: Այն դեպքում, երբ կիրառվում է արագացված վարույթ, վերջնական վճիռը կայացվում է Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից երեք ամսվա ընթացքում:
ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔԸ
Հոդված 1. Արագացված ընթացակարգի կանոնների կիրառումը
1. Արագացված ընթացակարգի նկատմամբ Կանոններով սահմանված ընդհանուր
դրույթները կիրառելի են այնքանով, որքանով չեն հակասում սույն Հավելվածով
սահմանված կարգավորումներին։
2. Արագացված ընթացակարգի կանոնները կիրառվում են միայն այն տեղական վեճերի
նկատմամբ, որոնցով հայցագինը չի գերազանցում 10 միլիոն ՀՀ դրամը։
3. Կանոնների 6-րդ հոդվածով նախատեսված Արբիտրաժ իրականացնելու պահանջի
պատասխանը ստանալուց հետո, կամ պատասխանի համար սահմանված ժամկետը լրանալուց
հետո կամ դրանից հետո ցանկացած պահի Կանոնների 34-րդ հոդվածի 3-րդ մասի
պահպանմամբ, Քարտուղարությունը տեղեկացնում է կողմերին, որ գործի նկատմամբ
կիրառելի են Արագացված ընթացակարգի կանոնները։
4. Արբիտրաժային խորհուրդը կարող է, արբիտրաժային ընթացակարգով վարույթի ընթացքում
ցանկացած ժամանակ, իր նախաձեռնությամբ կամ կողմի խնդրանքով, արբիտրաժային
տրիբունալի և կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել, որ Արագացված ընթացակարգով
վարույթի կանոններն այլևս չպետք է կիրառվեն գործի նկատմամբ։ Նման դեպքում, եթե
Արբիտրաժային խորհուրդը նպատակահարմար չի համարում փոխարինել և/կամ
վերակազմավորել արբիտրաժային տրիբունալը, արբիտրաժային տրիբունալը շարունակում է
վարույթը:
Հոդված 2. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումը
1. Արագացված ընթացակարգի կիրառման դեպքում արբիտրաժային տրիբունալը պետք է
կազմված լինի միանձնյա արբիտրից՝ անկախ արբիտրաժային համաձայնությունում դրան
հակասող դրույթներից:
2. Կողմերը Քարտուղարության կողմից սահմանված ժամկետում կարող են առաջադրել
միանձնյա արբիտրի թեկնածությունը: Նման առաջադրման բացակայության դեպքում միանձնյա
արբիտրը նշանակվում է Գլխավոր քարտուղարի կողմից:
3. Գլխավոր քարտուղարը, Արբիտրաժային խորհրդի նախագահին ծանուցելուց հետո,
հաստատում կամ նշանակում է արբիտրին՝ Արբիտրաժ իրականացնելու պահանջի պատասխանը
ստանալուց հետո կամ դրա համար նախատեսված ժամկետի ավարտից հետո 15 օրվա
ընթացքում։
Հոդված 3. Վարույթը
1. Կանոնների 26-րդ հոդվածը չի կիրառվում արագացված ընթացակարգով իրականացվող
վարույթի նկատմամբ:
2. Արագացված ընթացակարգով վարույթի դեպքում Արբիտրաժ իրականացնելու պահանջի
պատասխան ներկայացնելու ժամկետը 10 օր է։
3. Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո կողմերը չեն կարող նոր պահանջներ
ներկայացնել առանց արբիտրաժային տրիբունալի թույլտվության: Արբիտրաժային տրիբունալը
կարող է թույլատրել դա`հաշվի առնելով նոր պահանջների բնույթը, արբիտրաժի փուլը,
ենթադրյալ ծախսերը և ցանկացած այլ առնչվող հանգամանքներ։
4. Արբիտրաժային տրիբունալը իրավասու է իր հայեցողությամբ կիրառել այնպիսի
ընթացակարգային միջոցներ, որոնք նա նպատակահարմար է համարում: Մասնավորապես,
արբիտրաժային տրիբունալը կարող է կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշել չթույլատրել
փաստաթղթերի ներկայացման միջնորդությունները կամ սահմանափակել գրավոր դիմումների,
վկաների գրավոր ապացույցների քանակը, տևողությունը և ծավալը (ինչպես վկաների, այնպես
էլ փորձագետների):
5. Արբիտրաժային տրիբունալը կողմերի հետ խորհրդակցելուց հետո վեճը կարող է լուծել
բացառապես կողմերի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա՝ առանց վկաների կամ
փորձագետների հարցաքննության և լսումների:
Հոդված 4. Վճիռը
1. Արբիտրաժային տրիբունալի ձևավորման պահից 3 ամսվա ընթացքում տրիբունալը պետք է
վերջնական վճիռ կայացնի: Քարտուղարությունը, արբիտրաժային տրիբունալի հիմնավորված
պահանջի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ, կարող է երկարաձգել նշված ժամկետը, եթե
որոշի, որ դա անհրաժեշտ է:
2. Արբիտրաժային տրիբունալի վճարները սահմանվում են համաձայն Հավելված 1-ում
արագացված ընթացակարգով արբիտրաժի համար սահմանված վճարների սանդղակների:
Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։