ԱՐԲԻՏՐԱԺԻ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿՈՂՄԵՐԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային կանոնները կողմերին հնարավորություն են տալիս ընտրելու՝

  • Գործը քննող արբիտրների կազմը, ներառյալ՝ մասնագիտական կամ այլ որակավորումները,
  • Վարույթի լեզուն,
  • Ընթացակարգի նկատմամբ կիրառելի կանոնները,
  • Արբիտրաժի վայրը, վեճի նկատմամբ կիրառելի իրավունքը և այլն։

Այսպիսով, արբիտրաժին ներհատուկ կողմերի ինքնավարության և ճկունության բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավելագույնս հաշվի առնել կողմերի շահերը և համապատասխանեցնել այն վերջիններիս ակնկալիքներին։

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՐԲԻՏՐՆԵՐ

Կենտրոնում վեճերը քննվում են նեղ ոլորտային մասնագետների կողմից, որոնք ունեն ոլորտային փորձառություն իրավական և առևտրային մի շարք բնագավառներում՝ առևտրային հարաբերություններից մինչև կառուցապատում, սպորտային արդյունաբերությունից մինչև առողջապահություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆինանսաբանկային ոլորտ և մտավոր սեփականություն։

Կենտրոնի կողմից առաջարկվող արբիտրների ցանկում ընդգրկված են 10 և ավելի տարվա գիտական և պրակտիկ փորձառությամբ մասնագետներ, ինչն էլ ավելի արդյունավետ է դարձնում Կենտրոնում քննվող արբիտրաժային գործերը՝ ապահովելով արդարացի, պատճառաբանված և բազմակողմանի քննության արդյունքում կայացված վճիռներ։

ԱՐԲԻՏՐՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնը երաշխավորում է գործերի քննությունը չեզոք, անկախ և անաչառ արբիտրների կողմից։ Ըստ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների՝ «Նախքան նշանակումը կամ հաստատումը, ապագա արբիտրը պետք է ստորագրի ընդունման, հասանելիության, անկողմնակալության և անկախության մասին հայտարարություն: Հավանական արբիտրը պետք է Քարտուղարությանը գրավոր կերպով հայտնի այն բոլոր փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կողմերի տեսանկյունից կարող են կասկածի տակ դնել արբիտրի անկախությունը, ինչպես նաև ցանկացած հանգամանքի մասին, որը ողջամիտ կասկած կարող է առաջացնել արբիտրի անկողմնակալության վերաբերյալ։»։

Կանոններով սահմանված այսօրինակ պահանջները միտված են երաշխավորել արբիտրաժային գործերի քննությունն ամբողջական օբյեկտիվության պայմաններում, առավելապես՝ միջսահմանային և բազմակողմ վեճերով, որտեղ գործը քննող տրիբունալի անաչառության ու անկողմնակալության պայմանը վերաճում է բացարձակ առաջնահերթության։

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

Եթե կողմերի միջև չկա հստակ պայմանավորվածություն գործի հրապարակային քննության (այդ թվում՝ վճռի հրապարակման) վերաբերյալ, ապա արբիտրաժային վարույթն իրականացվում է ամբողջական գաղտնիության պայմաններում՝ նպատակ ունենալով պաշտպանել վեճի կողմ հանդիսացող սուբյեկտների գործարար գաղտնիքները, անձնական տվյալները կամ այլ տեղեկություններ, որոնք կարող են գործի ելքով չշահագրգռված երրորդ անձանց շրջանում բացահայտման տեսանկյունից լինել զգայուն։

Ըստ Կենտրոնի Արբիտրաժային կանոնների 41-րդ հոդվածի՝ կողմերը, արբիտրաժային տրիբունալը,  Կենտրոնը և արբիտրաժային վարույթում ներգրավված ցանկացած այլ անձ բոլոր դեպքերում պետք է վարույթին և վճռին առնչվող բոլոր հարցերն ու փաստաթղթերը գաղտնի պահեն:

Գաղտնիության սկզբունքն, ինքնին, հնարավորություն է տալիս կողմերին պաշտպանելու իրենց հեղինակությունը, գործարար հարաբերություններն ու շահերը՝ վեճը արտադատական կարգով լուծելիս։

ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Մի շարք դեպքերում արբիտրաժի կիրառությունը կարող է առավել խնայողական լինել իրավունքների պաշտպանության դատական եղանակի հետ համեմատ։ 

Հարկ է ընդգծել, որ ի համեմատություն բազմաթիվ միջազգային արբիտրաժային հաստատությունների՝ AMCA-ն առաջարկում է վեճերի լուծման համար բավականին մատչելի վճարներ՝ ապահովելով վեճերի լուծման այլընտրանքային եղանակների մատչելիություն ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ առավել ընդգրկուն տարածաշրջանային մակարդակով։

Բացի այդ, եթե ժամանակը դիտարկենք որպես ֆինանսական ռեսուրս՝ կարող ենք արձանագրել արբիտրաժի շեշտակի գնային առավելությունները։ Որոշակի բարդություն ունեցող դատական գործերի քննությունը կարող է տարիներով ձգձգվել, մինչդեռ Կենտրոնի արբիտրաժային կանոնները նախագծված են այնպես, որպեսզի Կենտրոնում քննվող գործերն ավարտվեն հնարավորինս արագ՝ սովորաբար մի քանի ամսվա ընթացքում՝ կախված վեճի բարդությունից։

ՎՃԻՌՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐՈՒԹՅՈՒՆ

Կենտրոնի արբիտրաժային կանոնների հիման վրա կայացված արբիտրաժային վճիռները վերջնական են և ունեն պարտադիր իրավաբանական ուժ։ Ինչպես դատարանի կողմից կայացված վճիռները՝ արբիտրաժային վճիռները նույնպես ենթակա են հարկադիր կատարման՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ համաձայն «Օտարերկրյա արբիտրաժային վճիռների ճանաչման և կատարման մասին» Նյու Յորքի կոնվենցիայի, որի կողմ է հանդիսանում նաև Հայաստանը։

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում 5 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող հայցագնով տեղական գործերով կայացված վճիռներն ուղարկել հարկադիր կատարման անմիջապես արբիտրաժային հաստատության կողմից՝ կողմի դիմումի հիման վրա։ Մնացյալ դեպքերում ևս, առանց բացառության, վարույթի կողմը կարող է դիմել դատարան՝ վճռի հարկադիր կատարման համար և առավելագույնը մեկշաբաթյա ժամկետում ստանալ համապատասխան իրավական փաստաթուղթը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։