AMCA տնօրեն Տաթևիկ Մատինյանը մասնակցեց ՀՀ Արբիտրների ասոցիացիայի կողմից 2024 թվականի հունիսի 27-30-ը կազմակերպված Արբիտրաժի ամառային դպրոցին Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում և նպատակ ուներ նպաստել արբիտրաժի վերաբերյալ ուսանողների գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։ Դպրոցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել էին արբիտրաժի կարևորությունը, դրա կիրառման առանձնահատկությունները և արտադատական մեթոդների նշանակությունը բարդ և երկարատև վեճերի լուծման գործընթացում։ Տիկին Մատինյանը մասնակցում էր պանելային քննարկմանը, որի ժամանակ Հայաստանում գործող մի քանի արբիտրաժային կենտրոններ ներկայացնում էին իրենց գործունեությունն ու կենտրոնների առավելությունները։ Տաթևիկ Մատինյանը ներկայացնելով AMCA֊ն ընդգծեց վերջինիս արած աշխատանքն ու ձեռքբերումները, Արբիտրաժային և Հաշտարարության կանոնների առավելություններն ու Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը, որը երաշխավորում է ինչպես ազգային այնպես էլ միջազգային ոլորտի վեճերի արդյունավետ լուծում։ Նա նշեց, որ միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ արբիտրաժի վերաբերյալ վերաբերմունքը հնարավոր է փոխել նախևառաջ կրթության միջոցով, AMCA֊ն ևս կարևորում է նմանատիպ դպրոցներն ու կրթական ծրագրերը և հնարավորություն է ստեղծել ուսանողների համար AMCA֊ում անցնել փորձնակության ծրագիր, կրթական պրակտիկա և օգտվել կենտրոնի գրադարանից։ Խոսելով այն մասին թե ինչ պետք է անեն ուսանողները՝ Հայաստանում արբիտրաժ զարգացնելու համար, նա նշեց, որ ուսանողները պետք է զգաղվեն նաև ինքնակրթությամբ, մասնավորապես մատնանշելով որպես լավագույն օնլայն հարթակ Jus Mundi կայքը, որտեղ կարելի է գտնել արբիտրաժի ոլորտում կատարվող վերջին զարգացումները՝ սկսած ներպետական զարգացումներից և արբիտրաժային վճիռներով ավարտած միջպետական արբիտրաժային գործընթացների վերաբերյալ տեղեկությամբ։ Տաթևիկ Մատինյանը շնորհակալություն հայտնեց Arbitrators’ Association of Armenia-ին Արբիտրաժի ամառային դպրոցի շրջանակներում պանելային քննարկմանը հրավիրելու և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը ներկայացնելու հնարավորության համար։