Այսօր Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնը հյուրընկալեց մի շարք համալսարանների ուսանողներին։ Այցի նպատակն էր ծանոթացնել ապագա մասնագետներին արբիտրաժի և հաշտարարության մեխանիզմներին՝ որպես վեճերի լուծման արդյունավետ և ժամանակակից գործիքներ:
Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը մանրամասն անդրադարձավ արբիտրաժի և հաշտարարության դերին արդարադատության համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման գործընթացում՝ ընդգծելով դրանց կարևորությունը ժամանակակից իրավական դաշտում:
Կենտրոնի ավագ իրավաբան Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց արբիտրաժային վարույթի հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև հաշտարարության գործընթացի կառուցվածքը և փուլերը՝ կիսվելով իր մասնագիտական հարուստ փորձով։
Այս նախաձեռնությունը ուսանողների համար դարձավ ոչ միայն կրթական հարթակ, այլև հնարավորություն՝ բացահայտելու իրավական ոլորտում իրենց մասնագիտական զարգացման ուղիները և նորարար մոտեցումները:
Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնը հաստատակամորեն աջակցում է ապագա մասնագետների կրթությանը և զարգացմանը՝ խթանելով արդարադատության ոլորտում առաջադեմ մոտեցումների կիրառումն ու տարածումը։