Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ ապրիլի 29֊ից մայիսի 3-ը տեղի ունեցավ հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։ 2022թ. իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող ուսուցման երկրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 հավակնորդ, որոնցից 22-ը հնարավորություն ստացան մասնակցել Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին: Դասընթացն ավելի ընդգրկուն և օգտակար դարձնելու նպատակով հրավիրյալ միջազգային և ազգային փորձագետներն ու դատավորները կիսվեցին հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ողջունեցին և ավարտական վկայականներ շնորհեցին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Արման Զրվանդյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավունքի գերակայության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Տաթևիկ Մատինյանը ողջունեց մասնակիցներին, խոսեց հաշտարարության ինստիտուտի կայացման ու զարգացման նախադրյալների մասին, ներկայացրեց վերջինիս կաևորությունն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին։ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց Կենտրոնի Հաշտարարության կանոնները, իրականացրած գործունեությունը, հաշտարարության առանձնահատկությունները և հաշտարարության գործընթացի մանրամասները: Հնգօրյա ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել որակավորման ստուգմանը, որը հաղթահարելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով: