33 Ակադեմիական ժամ տևողությամբ հաշտարարների որակավորման դասընթացն այսօր ամփոփվեց: Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, և Եվրոպական միության համագործակցությամբ դեկտեմբերի 8-12-ը հաշտարարների որակավորման նպատակով իրականացվեց ուսուցման հինգերորդ դասընթացը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ողջունեցին և ավարտական վկայականներ շնորհեցին Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Մատինյանն, Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ՝ Գայանե Դեմիրչյանը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը:

Տաթևիկ Մատինյանը ողջունեց մասնակիցներին, խոսեց հաշտարարության ինստիտուտի կայացման ու զարգացման նախադրյալների մասին, ներկայացրեց վերջինիս կաևորությունն ու հաջողություն մաղթեց մասնակիցներին։

Հնգօրյա ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել որակավորման ստուգմանը, որը հաղթահարելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով: