Դեկտեմբերի 1-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնն իր հերթական դասընթացների շարքը սկսեց խոշոր և միջին բիզնեսի և բանկերի համար։

Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, առաջին օրը ներկայացրեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնըի (AMCA) դերն ու գործառույթները։
Մասնակիցները ներկայացրին իրենց ընկերությունները, գործունեության ոլորտները, արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների հետ ունեցած փորձառությունը:
Այնուհետև, մասնակիցները հարցեր ուղղեցին Կենտրոնի գործունեության, Կենտրոնում վեճերի լուծման արդյունավետության և արագության, արբիտրներին և հաշտարարներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև դատական վարույթների մասին։ Մասնակիցներին հետաքրքրող հարցերի շարքում էին նաև ֆինանսական, բիզնես և սպորտային ոլորտներում Կենտրոնի անելիքներն ու ակնկալիքները։

Երկրորդ օրը մեկնարկեց «Օրենսդրության զարգացման կենտրոնի» փոխտնօրեն Դավիթ Ղարիբյանի կողմից միջոցառման պաշտոնական բացման ազդարարմամբ։ Նա խոսեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հիմնադրման, կայացման և դերի մասին։

Երկրորդ օրվա առաջին բանախոսը Հայկ Հովհաննիսյան էր։ Նա Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ է, «ՀԱՊ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր։
Թեման՝ «Ի՞նչ է արբիտրաժը և որո՞նք են դրա առավելությունները»:
Նա ներկայացրեց ՀՀ-ում արբիտրաժի ձևավորման և կայացման նախապատմությունը, արբիտրաժի կայացման առկա խոչընդոտները, ինչպես նաև արբիտրաժի առավելությունները: Բանախոսը ընդգծեց Կենտրոնի ներուժը՝ վեճերի արդյունավետ և պրոֆեսիոնալ լուծման համար:

Երկրորդ օրվա երկրորդ բանախոսը «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» Արբիտրաժային խորհրդի անդամ, Լոնդոնի համալսարանի միջազգային իրավունք մասնագիտացմամբ ի.գ.դ. տիկին Աիդա Ավանեսյանն էր։
Թեման՝ «Արբիտրաժով լուծվող վեճեր»:
Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց այն գործերի շրջանակը, որոնք կարող են քննվել արբիտրաժի միջոցով` առանձնացնելով միջազգային փորձը և տեղական մոտեցումները: Արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման, իրավասության հարցի նկատմամբ կիրառելի իրավունքին առնչվող հարցերը ևս քննարկման առարկա դարձան:

Երկրորդ օրվա բանախոսությունների շարքը շարունակեց ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Գաբրիելյանը:
Թեման՝ «Հաշտարարությունը և դրա առավելությունները»։
Բանախոսը ներկայացրեց. հաշտարարության էությունը, առանձնահատկությունները, առավելությունները և դրանց տեսակները: Իրավիճակային խնդիրների քննարկման միջոցով մասնակիցներին ներկայացվեց հաշտարարության դերը և իրականացման կարգը:

Երրորդ օրվա բանախոսները երկուսն էին՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, ի.գ.թ., Լոնդոնի Քինգս Քոլեջ համալսարանի դասախոս Հայկ Կուպելյանցը և Լիլիթ Պետրոսյանը՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրենի տեղակալ, ի.գ.թ.,։
Պարոն Կուպերյանցը բանախոսեց հետևյալ թեմայով՝ «Արբիտրաժային արդյունավետ վերապահումների մշակում»:
Բանախոսը ներկայացրեց ինստիտուցիոնալ արբիտրաժի առանձնահատկությունները, անդրադարձ կատարեց եվրոպական, ասիական, ամերիկյան մոդելներին և փորձին: Բանախոսը նաև քննարկման առարկա դարձրեց արդյունավետ արբիտրաժային համաձայնություն կազմելու, համաձայնության անվավերության և այլ հարցերը:

Լիլիթ Պետրոսյանի բանախոսության թեման էր՝ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Արբիտրաժային կանոններ»:
Տիկին Պետրոսյանը ներկայացրեց կանոնների կառուցվածքը, ինչպես նաև կանոնների հիման վրա իրականացվող արբիտրաժային վարույթը` սկսած Կենտրոնին արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնելուց մինչև արբիտրաժային վճռի կայացում: Քննարկվեց նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վարույթին առնչվող հարցերը: «Արբիտաժային կանոնների» ներկայացումը ուղեկցվեց մի շարք հարցադրումներով և հետաքրքիր քննարկմամբ: