Մեկնարկեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի կողմից իրականացվող Վերապատրաստում ԶԼՄ ներկայացուցիչների համար դասընթացների շարքը: Օրը սկսեցինք ծանոթությամբ և հարց ու պատասխանով՝ քննարկելով, թե ինչ հարցեր ունեն ներկա լրագրողները արբիտրաժի և հաշտարարության մասին: Միջոցառմանը ներկա էին 28 լրագրող ՀՀ տարբեր լրատվամիջոցներից: AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ողջունեց մասնակիցներին և պատասխանելով լրագրողների հարցերին ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառության ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, Կենտրոնի ծավալած գործունեությունը և մատուցած ծառայությունները:
«AMCA-ն մշտապես կարևորում է կրթական ծրագրերի և իրազեկումների իրականացումը, այս անգամ այն նպատակ ունի վերապատրաստել ԶԼՄ ներկայացուցիչներին, քանի որ արբիտրաժն ու հաշտարարությունը համեմատաբար նոր են Հայաստանում և այս ոլորտները լուսաբանելիս հնարավոր է որոշակի բարդություններ կամ խոչընդոտներ առաջանան»: Տաթևիկ Մատինյան
Օրվա երկրորդ հատվածում Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրին հաշտարարության առանձնահատկությունները, առավելությունները և հաշտարարության գործընթացի մանրամասները:
Առաջին օրը ամփոփեցինք AMCA-ի Արբիտրաժային Խորհրդի փոխնախագահ Ռաֆիկ Գրիգորյանի բանախոսությամբ, ով լրագրողներին ներկայացրեց արբիտրաժի և հաշտարարության լուսաբանման առանձնահատկությունները, կիրառելի տերմինոլոգիան և ամբողջ անհրաժեշտ գործիքակազմը, որը ԶԼՄ ներկայացուցիչները կարող են օգտագործել ոլորտը լուսաբանելիս: Ներկայացվեց նաև այն բոլոր պաշտոնական կայքէջերը, որոնցից հնարավոր է ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան:
Առաջին օրվա օրակարգը հագեցած էր բանախոսություն-քննարկումներով և հարց ու պատասխանով, լրագրողները մանրամասնորեն ծանոթացան ոլորտի առանձնահակություններին և ինստիտուցիոնալ զարգացմանը:
Երկրորդ օրը սկսեցինք սիմուլիացիոն խաղով, որը նպատակ ունի ամրապնդել այն գիտելիքները և տեսական հատվածը, որը ուսումնասիրել ենք առաջին օրվա ընթացքում: Նախապես կազմված խնդրի հիման վրա լրագրողները բաժանվեցին թիմերի և հանդես եկան որպես հաշտարարության կողմեր և հաշտարար: Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը հանդես էր գալիս որպես համահաշտարար՝ խաղին ուղղություն հաղորդելու նպատակով:
Խաղի ընթացքը թեժ էր, սակայն ի վերջո կողմերը կնքեցին հաշտության համաձայնություն: Այս խաղի մոդելով լրագրողները ավելի հստակ պատկերացում կազմեցին հաշտարարության էության և ընթացակարգային հատվածի մասին:
Oրվա խորհուրդը ամփոփվեց կանանց տոնի առթիվ բարեմաղթանքների և նվերների հանձնման արարողությամբ:
.