Արբիտրաժի հայաստանյան կենտրոնին կարող են դիմել Ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, ովքեր ուզում են իրենց վեճը լուծել արբիտրաժի միջոցով, դիմելու համար մյուս կողմի հետ պետք է կնքված լինի արբիտրաժային համաձայնություն՝ վեճի լուծումը հանձնելով կենտրոնին: Վեճը լուծելու համար պետք է ներկայացնել արբիտրաժ իրականացնելու պահանջ, որը կարող է լինել թե՛ էլեկտրոնային, և թե՛ թղթային տարբերակով: Պահանջը կենտրոնում ստանալու պահից արբիտրաժային վարույթը համարվում է սկսված: Արբիտրաժ իրականացնելու պահանջում անհրաժեշտ է ներառել՝ վեճի կողմերի տվյալները, ներկայացնել վեճի դիմումը և փաստերը, հայցապահանջը և արբիտրաժային կանոններով նախատեսված այլ տեղեկություններ: Պահանջում առկա թերությունների դեպքում տրամադրվում է ժամկետ դրանք շտկելու համար: Ձեր՝ արբիտրաժ իրականացնելու պահանջը, ուղարկվում է պատասխանողին, ով պարտավոր է մինչև 30օրյա ժամկետում պատասխանել ներկայացված պահանջին: Ձեր գործը քննվում է արբիտրաժային տրիբունալի կողմից, որը բաղկացած է լինում մեկ կամ մի քանի արբիտրներից: Դուք ունեք հնարավորություն առաջադրել արբիտր(ներ) Ձեր գործը քննելու համար, կենտրոնի քարտուղարությունը աջակցում է արբիտր առաջադրելու հարցում: Ապա կենտրոնի արբիտրաժային խորհուրդը հաստատում է Ձեր կողմից առաջադրված արբիտրներին: Արբիտրաժային տրիբունալի ձևավորումից անմիջապես հետո կենտրոնը գործի նյութերը հանձնում է տրիբունալին և ապահովում արդյունավետ հաղորդակցություն Ձեր միջև: Տրիբունալը կազմում և կողմերի հետ հաստատում է գործի քննության արձանագրությունը, ինչպես նաև նրանց հետ քննարկում գործի վարման կարգը: Գործը կարող է քննվել և՛ բանավոր, և՛ գրավոր ընթացակարգով, գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման և հետազոտման համար տրիբունալը կարող է անցկացնել լսումներ, ներգրավվել փորձագետների, հարցաքննել վկաների և իրականացնել այլ անհրաժեշտ գործողություններ: Եվ այս ամենից հետո տրիբունալը ավարտում է արբիտրաժային վարույթը և կայացնում վճիռ՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Արբիտրաժային վճիռը պարտադիր է և ենթակա է կատարման: Կենտորնի և գործը քննող արբիտրի ծառայությունները վճարովի են: Ներկայացված հոլովակում կարող եք տեսնել ողջ ընթացակարգը՝ քայլ առ քայլ