Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը սկսեց իր հերթական դասընթացների շարքը՝ դատավորների և Կենտրոնի արբիտրների համար: Բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնի հիմնադիր մարմիններից մեկի` «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, ով ներկայացրեց ոլորտի կարևորությունը՝ արդարադատության համակարգի կայացման տեսանկյունից։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրին կենտրոնի դերը, գործունեությունը և այս ընթացքում կատարված աշխատանքը։
Միջոցառման երկրորդ օրն ազդարարեց «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Նա ներկայացրեց կենտրոնի կառուցվածքը, անկախության երաշխիքները, դերը և կատարված աշխատանքները։
Բանախոսությունների շարքը շարունակեց Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, Իտալական արբիտրաժային ասոցիացիայի նախագահ Անդրեա Կարլեվարիսը: Նա ընդգծեց արբիտրաժային վարույթում պետական դատարանների դերը, ներկայացրեց միջազգային արբիտրաժի հասկացությունը և դերը, առևտրային և ներդրումային արբիտրաժների էությունը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու եղանակները և դրանց իրականացման կարգը։ Կարլեվարիսն անդրադարձավ նաև մշտապես գործող արբիտրաժային ինստիտուտների դերին` ներկայացնելով նման կենտրոնների` (ի դեմս «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի»), գործառույթները, կողմերի և արբիտրաժային տրիբունալի հետ աշխատանքի ծավալը, արբիտրների նշանակման, նրանց ներկայացված բացարկը քննելու կարգը և այլ հարցեր:
«Արբիտրաժային վճիռների ճանաչում և կատարում» թեմայով օրվա վերջին բանախոսությամբ հանդես եկավ Կենտրոնի Արբիտրաժային խորհրդի անդամ, ի.գ.թ., Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը։ Մասնակից դատավորների և արբիտրների խնդրանքով, պարոն Կուպելյանցը, նախևառաջ անդրադարձավ հանրային կարգի հիմքով արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու հիմքերին և կարգին: Ըստ այդմ, բանախոսը ներկայացրեց, թե ինչ է հանրային կարգը և որ դեպքերում է այն կիրառվում որպես արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմք` ընդգծելով այս առումով առկա միջազգային փորձը։
Բանախոսությունների երրորդ օրը «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրեց կանոնների կառուցվածքը, ինչպես նաև կանոնների հիման վրա իրականացվող արբիտրաժային վարույթը` սկսած Կենտրոնին արբիտրաժ իրականացնելու պահանջ ներկայացնելուց մինչև արբիտրաժային վճռի կայացում: Քննարկվեց նաև Կենտրոնի արբիտրաժային վճարների հաշվարկման և վճարման կարգը: «Արբիտաժային կանոնների» ներկայացումը ուղեկցվեց մի շարք հարցադրումներով և արդյունավետ քննարկմամբ:
Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանն էլ նշեց, որ Կենտրոնի գործունեությունը միտված է բացառապես օնլայն հարթակի միջոցով փաստաթղթաշրջանառության իրականացմանը` ապահովելով արդյունավետություն, թափանցիկություն և նորարարություն։ «Արբիտրաժային կարգով քննվող վեճեր». Այս թեմայով բանախոսությամբ հանդես եկավ «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» արբիտրաժային խորհրդի անդամ, Լոնդոնի համալսարանի միջազգային իրավունք մասնագիտացմամբ ի.գ.դ. տիկին Աիդա Ավանեսյանը։ Բանախոսը մասնակիցներին ներկայացրեց արբիտրունակության հետ կապված հարցերը՝ մասնավորապես այն գործերի շրջանակը, որոնք կարող են քննվել արբիտրաժի միջոցով` առանձնացնելով միջազգային փորձը և տեղական մոտեցումները: Արբիտրաժային տրիբունալի իրավասության վիճարկման, իրավասության հարցի նկատմամբ կիրառելի իրավունքին առնչվող հարցերը ևս քննարկման առարկա դարձան:
Բանախոսությունների շարքը եզրափակեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ֊գործընկեր Արամ Օրբելյանը` ներկայացնելով արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերը և դրանց հետ կապված հիմնախնդիրները: Մանրամասնորեն քննարկվեցին նաև արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցության, արբիտրաժային տրիբունալի ձևավորման, արբիտրաժային համաձայնության վավերության, արբիտրաժային վճռի ճանաչման և հարկադիր կատարման առնչությամբ հարցերը։