Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) մեկնարկել է Կենտրոնի արբիտրների և փաստաբանների վերապատրաստման դասընթացը։ Միջոցառման նպատակն է փաստաբաններին և AMCA արբիտրներին ներկայացնել արբիտրի դերը, վարքագծի կանոնները, պարտականությունները, ինչպես նաև արբիտրաժային վարույթի իրականացման ամբողջ գործընթացը: Դասընթացի բացման խոսքով հանդես եկան Արբիտրաժի և Հաշտարարության հայաստանյան Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
«Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլ նաև կիսել իրենց փորձառությունը և ստեղծել նոր համագործակցության նոր հնարավորություններ՝ նպաստելով արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում», – նշեց Տաթևիկ Մատինյանը։ Օրվա առաջին հատվածում ներկայացվեց արբիտրի դերի և պարտականությունների, վարքագծի կանոնների, AMCA-ի Արբիտրաժային կանոնների, բացարկ հայտնելու հիմքերի մասին մանրամասն տեղեկատվություն։
Իսկ երկրորդ հատվածում` AMCA-ի Արբիտրաժային խորհրդի անդամ, Ի.գ.թ, Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը ներկայացրեց արբիտրաժային գործի քննությունը, ընթացակարգի մանրամասները։ Քննարկվեց նաև արբիտրաժային նիստի նախապատրաստման, իրականացման, ապացույցների գնահատման և արբիտրաժային վճռի նախագծման հիմքերը։ «Արբիտրաժի և հաշտարարության գործընթացները կարևոր նշանակություն ունեն ADR համակարգում, և մեր նպատակն է մասնագետներին ապահովել անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն լուծել վեճերը», – նշեց Հայկ Կուպելյանցը։ Առաջինը օրն ամփոփվեց մասնակիցների և բանախոսի միջև հարց ու պատասխանով և մասնագիտական քննարկմամբ։ Դասընթացի երկրորդ օրվա մեկնարկը տվեց AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ով ներկայացրեց AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիման վրա արբիտրաժային վարույթի իրականացման մանրամասները։ Նա անդրադարձավ արբիտրաժային վարույթի փուլերին, այդ փուլերում արբիտրների և Կենտրոնի կողմից իրականացվող գործողություններին, ինչպես նաև այնպիսի արբիտրաժային վճիռ կայացնելուն, որը ենթակա չի լինի չեղյալ ճանաչման: AMCA-ի կողմից մշակված ձևաթղթերը, ինչպիսիք են գործի քննության ընթացակարգի արձանագրության, արբիտրաժային վճռի և այլ փաստաթղթերի տիպային օրինակները ևս ներկայացվեցին և քննարկվեցին: Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել մի քանի գործնական իրավիճակներ, որոնք վերաբերում էին արբիտրաժային համաձայնության վավերությանը, ՀՀ-ում արբիտրաժային կարգով քննության ենթակա հարցերի շրջանակին, արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերին և այլ հարցերին:
Այս դասընթացը դարձավ հարթակ մասնագետների համար՝ ձեռք բերելու նոր հմտություններ, փոխանակելու փորձառություն և ձևավորելու արժեքավոր համագործակցություններ։ Միջոցառումը նպաստեց արբիտրաժի ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացմանը և արդիականացմանը, ինչը մեծապես կբարձրացնի ոլորտի պրակտիկայի որակը և արդյունավետությունը։