Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում տեղի է ունեցել Արբիտրաժային խորհրդի նիստ
Ապրիլի 1-ին տեղի ունեցավ Արբիտրաժային խորհրդի նիստ, որի շրջանակում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանն անդրադարձավ միջազգային արբիտրաժային խորհուրդ ունենալու կարևորությանը և ընդգծեց խորհրդի դերն ու նշանակությունը ռազմավարական կարևոր փաստաթղթերի մշակման, ինչպես նաև Կենտրոնի կայացման գործում։Բացման խոսքով հանդես եկավ խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը, որը կարևորեց շարունակական համագործակցությունը և անդրադարձավ խորհրդի նպատակներին։
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում ոլորտում առաջատար միջազգային մասնագետների և տեղական իրավաբանների հետ, և վստահեցրեց, որ մասնագետները գործելու են բարձր մասնագիտական մակարդակով։«Որպես AMCA արբիտրաժային խորհրդի առաջին նախագահ՝ իմ դերն է առաջնորդել նրա ռազմավարական նպատակները և աջակցել նրա ամենօրյա գործունեությանը։ Հավատում եմ, որ AMCA-ն կարող է օգնել հասնել այդ նպատակներին։ Մեր այցի ընթացքում հանդիպումներ կունենանք միջազգային և հայաստանյան արբիտրաժի ղեկավարների հետ՝ քննարկելու աշխատանքային ռազմավարություններ, որոնք ուղղված են հայկական բիզնեսին վեճերի այլընտրանքային լուծման մշակույթին ծանոթացնելուն»,— ասաց AMCA-ի արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը։
2023 թվականին հիմնադրված Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը նպատակ ունի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, նպաստել առավել բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը, բարձրացնել Հայաստանի հեղինակությունը որպես վեճերի լուծման հարթակ, ինչպես նաև աջակցել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ «Արբիտրաժը վեճերի լուծման կարևոր մեթոդ է, որը հնարավորություն է տալիս նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, այն հայաստանյան և օտարերկրյա բիզնեսների համար ապահովում է վեճերի լուծման արդյունավետ, արագ և գաղտնի մեխանիզմ Հայաստանի Հանրապետությունում»,— նշեց AMCA-ի արբիտրաժային խորհրդի անդամ Հայկ Կուպելյանցը։
Հանդիպումն ամփոփվեց նոր ծրագրերի և նախաձեռնությունների քննարկմամբ ու պլանավորմամբ։