x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը Երևանում

2024-09-04

Սեպտեմբերի 4-ին Երևանում մեկնարկեց երկրորդ ամենամյա հայկական միջազգային արբիտրաժային շաբաթը, որի նպատակն էր մեկ հարթակում համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետներին՝ իրավաբաններին, գիտնականներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերին՝ քննարկելու ոլորտի մի շարք արդիական թեմաներ։ Հիմնական կոնֆերանսի ընթացքում քննարկվել են զարգացող երկրներում արբիտրաժի հեռանկարներին, տեխնոլոգիական առաջընթացի ազդեցության, դատարանների և արբիտրաժի փոխհարաբերությանը, ինչպես նաև հաշտարարությանը վերաբերող հարցեր։

 

Միջոցառման պաշտոնական բացումը կատարեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով ընդգծեց նախաձեռնության կարևորությունը և ներկայացրեց վեճերի այլընտրանքային լուծման համակարգի բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։ Ողջույնի խոսքով ներկայացավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով նման նախաձեռնությունների արդյունավետությունը, վեճերի այլընտրանքային լուծման նշանակությունը և միջազգային իրավական զարգացումներին համընթաց առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Բացման խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության («USAID») հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալելոն, ով անդրադարձավ նման մասնագիտական միջոցառումների կազմակերպման կարևորությանը՝ հատկապես հանրային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի («ՄԱԶԾ») Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում ընդգծել է արբիտրաժի նշանակությունը և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) արձանագրած առաջընթացը։

Կոնֆերանսի հիմնական խոսնակն էր Նյու Յորքում գործող անկախ արբիտր, AMCA-ի Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը, ով իր խոսքում անդրադարձավ արբիտրի անկախության և անաչառության կարևորությանը։ Գրանտ Հանեսսյանը խոսեց նաև Հայաստանի Հանրապետությունում արբիտրաժի ոլորտի զարգացումների և AMCA-ի գործունեության մասին։ Գրանտ Հանեսսյանի խոսեցին հաջորդեցին հիմնական կոնֆերանսի 4 պանելները, որոնցում ներգրավված էին ավելի քան 20 տեղացի և միազգային խոսնակներ։ 

 

Արբիտրաժային շաբաթն ամփոփվեց արբիտրաժի և հաշտարարության ոլորտային զարգացման հարցերին վերաբերող հարակից 8 միջոցառումներով։