x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ն, ԱԶԲ-ն և ՕԶԿ-ն COP17-ի շրջանակում կազմակերպել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման վերաբերյալ միջազգային միջոցառում

2026-10-26

2026 թվականի հոկտեմբերի 22-ին Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը» (AMCA), «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի (ՕԶԿ) և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ, կազմակերպել է «Հաշտություն բնության հետ. բնապահպանական վեճեր՝ կանխարգելումից մինչև լուծում» խորագրով միջազգային միջոցառում։

 

Միջոցառումը համախմբել էր վեճերի այլընտրանքային լուծման, բնապահպանական իրավունքի և բնական պաշարների կառավարման ոլորտների տեղացի և միջազգային փորձագետների ու մասնագետների՝ քննարկելու բնապահպանական վեճերի կանխարգելման, վաղ փուլում կառավարման և արդյունավետ լուծման գործնական մեխանիզմները։ Քննարկումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կենսաբազմազանության պահպանության, բնական պաշարների կայուն կառավարման և տարբեր շահերի համաձայնեցման հարցերին։

 

Միջոցառման բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան։

 

Միջոցառման հիմնական ելույթով հանդես է եկել Consensus Building Institute-ի տնօրեն, ՄաքԳիլի համալսարանի՝ բնական պաշարների հետ կապված հակամարտությունների հաշտարարության և գլոբալ կառավարման ոլորտի պրակտիկայի պրոֆեսոր Մայքլ Բրաունը։ Իր ելույթում նա անդրադարձել է բնապահպանական աճող ռիսկերին և վեճերի վաղ կանխարգելման նշանակությանը։

 

Միջոցառման մասնագիտական ծրագիրը ներառել է երեք պանելային քննարկում, ինչպես նաև բնապահպանական վեճերի հաշտարարությանը նվիրված ինտերակտիվ գործնական քննարկում։

 

Առաջին պանելային քննարկումը նվիրված էր հակամարտությունների կանխարգելմանը և վաղ փուլում դրանց կառավարմանը։ Քննարկումը վարել է Ասիական զարգացման բանկի գլխավոր իրավախորհրդականի օգնական (իրավունքի և քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ) Քրիստինա Փաքը։ Բանախոսներն էին Բեատրիս Գոմեսը, Արթուր Գրիգորյանը, Ժենևիև Օ'Ֆարելը, Նինա Փինդհեմը և Նարինե Ավետիսյանը։

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բնական պաշարների և կենսաբազմազանության հետ կապված հակամարտությունների վաղ կանխարգելման գործիքներին, այդ թվում՝ համայնքային խորհրդակցություններին, շահագրգիռ կողմերի միջև բազմակողմ երկխոսությանը և վաղ նախազգուշացման մեխանիզմներին։ Ներկայացվել է նաև Ասիական զարգացման բանկի՝ իր ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի առնչությամբ բողոքների լուծման նոր ծառայությունը (Management-Led Grievance Redress Service), որի նպատակն է կանխատեսել և լուծել խնդիրները՝ կանխելով դրանց սրացումը։

 

Ինտերակտիվ գործնական քննարկման շրջանակում Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի (SIMC) նախագահ Ջորջ Լիմը հանդես է եկել հիմնական ելույթով։ Քրիստինա Փաքի վարած քննարկման ընթացքում հիպոթետիկ լայնածավալ բնապահպանական վեճի օրինակով ուսումնասիրվել են հաշտարարության միջոցով համայնքների, գործարարների և այլ շահագրգիռ կողմերի անհետաձգելի կարիքների բավարարման և երկարաժամկետ լուծումների մշակման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև անկողմնակալ գործընթացի կազմակերպման և կողմերի շահերի վրա հիմնված բանակցությունների միջոցով փոխընդունելի լուծումների ձևավորմանը։

 

Երկրորդ պանելային քննարկումը նվիրված էր բնապահպանական հակամարտությունների հաշտարարական լուծումներին և բնապահպանական վեճերում հաշտարարության կիրառման փորձին։ Քննարկումը վարել է AMCA-ի գլխավոր քարտուղար և տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Բանախոսներն էին Սինգապուրի միջազգային հաշտարարության կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Վի Մեն Չուանը, Նատալյա Ադամյանը, Մշտական արբիտրաժային դատարանի իրավախորհրդական Բրայս Ուիլյամսը և Բութանի վեճերի այլընտրանքային լուծ