x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Բիզնեսի ներկայացուցիչների և փաստաբանների համար անցկացվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց

2024-10-13

Հոկտեմբերի 12-ին մեկնարկել է բիզնեսի ներկայացուցիչների և փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը։ Միջոցառումը կազմակերպել էր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA)՝ նպատակ ունենալով փաստաբաններին ներկայացնել վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը։ Բացման խոսքով հանդես է եկել AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, որը, ընդգծելով ոլորտի արդիականությունը, նշել է. «Արբիտրաժը և հաշտարարությունը վեճերի լուծման արդյունավետ մեթոդներ են, որոնց խթանմամբ AMCA-ն նպաստում է նաև մեր երկրում իրավական մշակույթի զարգացմանը, երբ վեճերի լուծումը դառնում է ավելի արագ, արդյունավետ, մասնագիտացված և ծախսարդյունավետ»։ Իր բանախոսության շրջանակում Տաթևիկ Մատինյանը մանրամասն ներկայացրել է արբիտրաժային վարույթում գրավոր հաղորդակցությանը, արբիտրաժային տրիբունալի ձևավորմանը, արբիտրաժային համաձայնության վավերությանը, արբիտրաժային վճռի ճանաչմանն ու հարկադիր կատարմանը վերաբերող հարցերը։ Քննարկվել է նաև արբիտրաժի և հաշտարարության հաստատությունների դերը՝ AMCA-ի օրինակով։ Վերլուծվել են վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների առավելությունները և փաստաբանի դերի կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել արբիտրաժի ընթացակարգային հարցերին և արբիտրաժային վճիռների կատարման մեխանիզմներին՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային վճիռների պարագայում։

 

Ծրագրի երկրորդ հատվածը նվիրված էր հաշտարարության գործընթացին։ «Հաշտարարության բարեփոխումները ՀՀ-ում» թեմայով ելույթ է ունեցել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը, որը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացված և նախատեսվող բարեփոխումները, այդ թվում՝ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը, հաշտարարների որակավորման ընթացակարգի առանձնահատկությունները և Հայաստանում վեճերի լուծման նոր մշակույթի ձևավորման նախադրյալները։ Նշվել է նաև, որ Արդարադատության նախարարությունը շարունակում է ընդունել հայտեր հաշտարարների որակավորման նպատակով, ընդ որում՝ այս փուլում նախապատվությունը տրվելու է մարզերից դիմող թեկնածուներին։ Նպատակն է հնարավորինս լայն ընդգրկմամբ հաշտարարներ արտոնագրել մարզերում, որպեսզի պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիների համար դժվարություններ չառաջանան, և ընթացակարգն իրականացվի սահուն։ AMCA-ի ավագ իրավաբան, արբիտրաժային գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է արբիտրաժային կարգով վեճերի լուծման առավելությունները և արբիտրաժային վերապահման նշանակությունը։

 

Քննարկման առանձնահատուկ թեմա է դարձել արբիտրաժի կարևորությունը բիզնեսի համար, քանի որ դրա միջոցով արագ լուծվող վեճերը նպաստում են բիզնեսի անխափան զարգացմանը։ Ծրագրի երկրորդ հատվածում բանախոսությամբ հանդես է եկել նաև «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխտնօրեն Դավիթ Ղարիբյանը։ Քննարկվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշտարարության իրականացման կարգը, ինչպես նաև գործնական օրինակներով վերլուծվել են հաշտարարության գործընթացի տարբեր փուլերը։ Մասնակիցներն ուղղել են իրենց հարցերը, իսկ բանախոսության ավարտին տեղի է ունեցել քննարկում՝ ոլորտի մարտահրավերների և խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Դավիթ Ղարիբյանը հատուկ ընդգծել է հաշտարարի դերի կարևորությունը և այն հանգամանքը, որ այսօր հաշտարարության զարգացմանը նպաստող հիմնական դերակատարներից են փաստաբանները, որոնք, իրենց վստահորդներին ուղղորդելով դեպի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ, կարող են նաև առավել արդյունավետ ծառայություններ մատուցել։

 

Օրվա ավարտին Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին և անդրադարձել վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառելիությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում դրանց զարգացման նախադրյալներին։ Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերել գործնական հմտություններ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների կիրառման ոլորտում՝ ուղղված իրենց վստահորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։