Հերթական միջազգային արբիտրաժային գործը AMCA-ում՝ արագացված ընթացակարգի կանոնների կիրառմամբ
Միջազգային արբիտրաժային գործով վերջնական արբիտրաժային վճիռ է կայացվել ընդամենը երկու ամսում՝ արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո։ Վեճը վերաբերում էր Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու և Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի միջև կնքված գործակալության և միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագրին։
Վեճի քննությունն իրականացվել է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) արբիտրաժային կանոնների հիման վրա՝ հայերեն լեզվով։ Սույն միջազգային արբիտրաժային գործով AMCA-ում առաջին անգամ կիրառվել են արագացված ընթացակարգի կանոններ։
Վերջնական վճռով արբիտրաժային տրիբունալը մասնակիորեն բավարարել է հայցվորի ներկայացրած պահանջները՝ միաժամանակ բավարարելով նաև կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված տույժերի բռնագանձման պահանջը։
Նշված գործի վարումը վկայում է, որ AMCA-ն օժտված է բավարար փորձով և կազմակերպական ներուժով՝ միջազգային բնույթի բարդ արբիտրաժային վեճերի արդյունավետ քննությունն ապահովելու համար։ Կենտրոնը արդյունավետորեն կիրառում է արբիտրաժային կանոններով սահմանված արագացված ընթացակարգերը՝ զգալիորեն կրճատելով վեճերի լուծման ժամկետները։