Անցկացվեց հաշտարարների որակավորման հերթական դասընթացը
Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ ապրիլի 29-ից մայիսի 3-ը կայացել է հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսուցման երկրորդ դասընթացը։ 2022 թվականին իրականացված օրենսդրական բարեփոխումներից հետո կազմակերպվող այս երկրորդ դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 40 հավակնորդ, որոնցից 22-ը հնարավորություն են ստացել մասնակցելու Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ-հաշտարարների կողմից մշակված՝ 33 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացին։
Դասընթացն առավել ընդգրկուն և օգտակար դարձնելու նպատակով հրավիրված միջազգային և ազգային փորձագետներն ու դատավորները մասնակիցների հետ կիսվել են հաշտարարության ոլորտում իրենց արժեքավոր փորձով և օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ դիտարկումներով։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ողջունել և ավարտական վկայականներ են հանձնել Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Արման Զրվանդյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավունքի գերակայության ծրագրի ղեկավար Մարիա Սիլվանյանը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Մատինյանը։
Տաթևիկ Մատինյանը ողջունել է մասնակիցներին, անդրադարձել հաշտարարության ինստիտուտի կայացման և զարգացման նախադրյալներին, ներկայացրել դրա կարևորությունը և մասնակիցներին մաղթել հաջողություն։ AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրել է Կենտրոնի հաշտարարության կանոնները, իրականացված գործունեությունը, հաշտարարության առանձնահատկությունները և հաշտարարության գործընթացի մանրամասները։ Հնգօրյա ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու որակավորման ստուգմանը, որը հաղթահարելու դեպքում Հայաստանի հաշտարարների համայնքը կհամալրվի նոր մասնագետներով։