Քառօրյա արբիտրաժային դասընթաց AMCA-ում
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, հաշտարարության դասընթացի հաջող մեկնարկից հետո, մեկնարկել է արբիտրաժի մասնագիտական դասընթացը՝ նպատակ ունենալով մասնակիցներին փոխանցել ոլորտի խորացված տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ՝ պրակտիկ օրինակների և մասնագիտական քննարկումների միջոցով։
Քառօրյա դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են արբիտրաժի ոլորտի առանցքային թեմաները՝ արբիտրաժի հասկացությունն ու նշանակությունը, դրա առավելություններն ու հիմնարար սկզբունքները, «Ad hoc» և ինստիտուցիոնալ արբիտրաժների դերն ու տարբերությունները, արբիտրաժային համաձայնությունը, արբիտրաժային տրիբունալի ձևավորումն ու իրավասությունը, արբիտրաժային վարույթի ընթացքն ու ավարտը, արբիտրաժային վճռի կայացումը, չեղյալ ճանաչումն ու կատարումը, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու ընթացակարգերը։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի՝ որպես մշտապես գործող արբիտրաժային հաստատության դերակատարությանը։
Դասընթացի առաջին օրը որպես բանախոս հանդես եկավ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր, ԱյՍիՍԻ Հայաստան վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Կարապետյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց արբիտրաժի էությունը, տեսակները և գործնական առավելությունները։ Նույն օրը Կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը խոսեց արբիտրաժի կիրառման շրջանակի, ինստիտուցիոնալ արբիտրաժների դերի, ինչպես նաև Կենտրոնում քննված գործերի օրինակներով արբիտրաժի առանձնահատկությունների մասին։
Դասընթացի երկրորդ օրը բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Արամ Խաչատրյանը։ Նա ներկայացրեց արբիտրաժային համաձայնությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր՝ ապահովելով մասնագիտական և բովանդակալից քննարկումներ։
Դասընթացի երրորդ օրը բանախոսությամբ հանդես եկավ Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս Դավիթ Խաչատրյանը։ Նա անդրադարձավ արբիտրաժային տրիբունալի ձևավորմանը, իրավասությանը, արբիտրաժային վճռի կայացմանը, արբիտրաժային վարույթի ավարտին և արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչմանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի՝ ապահովելով մասնագիտական և բովանդակալից քննարկումներ։
Դասընթացի չորրորդ օրը բանախոսությամբ հանդես եկավ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Նա ներկայացրեց արբիտրների վարքագծի կանոնները, արբիտրաժային վճռի կատարմանը և արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ վարույթին առնչվող հարցերը՝ ապահովելով մասնագիտական և բովանդակալից քննարկումներ։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը՝ ամփոփելով արբիտրաժին նվիրված հագեցած, բովանդակալից և գործնական դասընթացը, որն ուղղված էր նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը։