Համագործակցության հուշագիր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և Վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICDR) միջև
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և Վեճերի լուծման միջազգային կենտրոնի (ICDR) միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Միջազգային վեճերի լուծման կենտրոնը (ICDR) հանդիսանում է աշխարհի խոշորագույն արբիտրաժային հաստատության՝ Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի (AAA) միջազգային ստորաբաժանումը։ ICDR-ը, հենվելով Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի ավելի քան 95 տարվա փորձի վրա, համարվում է միջազգային վեճերի լուծման առաջատար կենտրոն։
Կնքված համագործակցության հուշագրով կողմերը ստանձնել են պարտավորություն համագործակցել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների զարգացման ուղղությամբ, կազմակերպել համատեղ միջոցառումներ և խթանել միմյանց կողմից կազմակերպվող համաժողովները, սեմինարները և այլ նախաձեռնությունները։
Համագործակցության հուշագրի դրույթներին համապատասխան՝ կողմերը կարող են նաև իրենց արբիտրների և հաշտարարների ցանկից մյուս կողմին առաջարկել կոնկրետ գործով արբիտրի կամ հաշտարարի նշանակման համար թեկնածություններ։
Կարևորելով ակադեմիական համագործակցությունը՝ կողմերը պայմանավորվել են նաև փոխանակվել արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ նյութերով և հրապարակումներով։