Պաշտոնատար անձանց այցը AMCA
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և ԱՆ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցն այցելել են նորաստեղծ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։
Կենտրոնի նորանշանակ տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրեց ընթացիկ վերանորոգման աշխատանքները, բարեփոխումների ընթացքը, կենտրոնի բացման ժամկետներն ու բանակցային գործընթացը։
Նախարարը խոսեց նորաստեղծ կենտրոնի գործունեության մասին՝ կարևորելով դրա դերը Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման գործում։ Նախարարի խոսքով, կենտրոնը կարևոր է այն առումով, որ հնարավորություն կտա ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում գործող բիզնեսներին, այդ թվում՝ Հայաստանում ներդրումներ կատարողներին և նախատեսողներին, վեճերը վստահել մասնագիտացված կառույցի՝ ներգրավելով լավագույն մասնագետներին, լուծել դրանք արդարացիորեն և ժամանակակից չափանիշներին ու մոտեցումներին համապատասխան:
Անդրեա Վիկտորինը նույնպես ողջունեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծումը և ևս մեկ անգամ վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու այս ուղղությամբ հետագա համագործակցությանը։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշեց, որ Կենտրոնը միտում ունի լուծելու ոչ միայն ներպետական գործերը, այլև դառնալ միջազգային արբիտրաժային հիմնարկ՝ ներգրավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային գործեր։