x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

AMCA-ի ներկայացուցիչը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության արբիտրաժային ֆորումում

2025-04-28

Չինաստանի միջազգային տնտեսական և առևտրային արբիտրաժի հանձնաժողովի (CIETAC) հրավերով Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը մասնակցել է Սինծյան երկրամասի Ուրումչի քաղաքում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության արբիտրաժային ֆորումին։ Այս մասշտաբային միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 ներկայացուցիչներ՝ Չինաստանից, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ և գործընկեր ավելի քան 25 պետություններից, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից, Հնդկաստանից, Սինգապուրից, Մոնղոլիայից, Մալդիվներից և Ռուսաստանի Դաշնությունից։

 

Միջոցառման բացման արարողության ընթացքում տեսաուղերձով ֆորումի մասնակիցներին ողջունել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջող ընթացք։ Ֆորումի շրջանակում Նորայր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինծյանի երկրամասի վարչակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել AMCA-ի գործունեության համատեքստում Հայաստանում միջազգային ներդրումային միջավայրի բարելավման հեռանկարները։ Ֆորումի ընթացքում քննարկվել են մի շարք արդիական թեմաներ, այդ թվում՝ արհեստական բանականության ազդեցությունը արբիտրաժի վրա, արբիտրաժային վարույթում կողմերի ինքնավարության սահմանները, Կենտրոնական Ասիայի երկրներում պարտադիր հաշտարարության արդյունքները և այլ հարցեր։

 

Միջոցառմանը մասնակցող բազմաթիվ արբիտրաժային կենտրոնների գլխավոր քարտուղարների, արբիտրների, փաստաբանների և արբիտրաժային գործերի կառավարիչների հետ առանձնազրույցների ընթացքում Կենտրոնի ներկայացուցիչը ներկայացրել է AMCA-ի գործունեությունը և առկա ցուցանիշները՝ երկուստեք կիսվելով փորձով և քննարկելով համագործակցության հետագա հեռանկարները։