Անցկացվել է տեխնոլոգիական ոլորտի վեճերի լուծման շուրջ քննարկում ԲՏԱ նախարարությունում
Մարտի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) համատեղ կազմակերպած հանդիպում-քննարկումը՝ նախատեսված բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների և մասնագետների համար։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում արբիտրաժի և հաշտարարության կիրառման առանձնահատկություններին, ինչպես նաև Կենտրոնում այդ ոլորտին առնչվող վեճերի քննության կարգին։ Հանդիպումը հնարավորություն է տվել հստակ պատկերացում կազմել այն մասին, թե տեխնոլոգիական կազմակերպություններն ինչպես կարող են օգտվել արբիտրաժից՝ իրենց վեճերը հնարավորինս արագ, արդյունավետ և արդարացի լուծելու համար։ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա ոլորտի ընկերություններին ավելի լավ ծանոթանալու AMCA-ի գործունեությանը և ծրագրերին, ինչպես նաև վեճերի լուծման առավել արդյունավետ գործիքներին և ընթացակարգերին։
Քննարկմանը մասնակցել և «Արբիտրաժի և հաշտարարության կիրառումը ՏՏ ոլորտում» թեմայով բանախոսություններով հանդես են եկել Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, Կենտրոնի իրավաբան Նորայր Բաղդասարյանը և Հայաստանի արբիտրների ասոցիացիայի նախագահ Արամ Խաչատրյանը։