Անցկացվեց հաշտարարների որակավորման հերթական դասընթացը
Նոյեմբերի 17-ին մեկնարկել է հաշտարարների որակավորման ութօրյա դասընթացը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հետ համատեղ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրեն Տիգրան Դադունցը։ Նրանք ներկայացրել են ծրագիրը և դրա ակնկալվող արդյունքները։ Դասընթացը վարել են Եվրոպայի խորհրդի փորձագետներ Սոֆիո Չաչավան և Ռամոն Թենան։ Առաջին օրը փորձագետներն անդրադարձել են վեճերի այլընտրանքային լուծման մեթոդներին և բանակցություններին։
Քննարկվել են վեճերը և դրանց այլընտրանքային լուծման հնարավորությունները։ Դասընթացն ավարտած մասնակիցները տարվա ավարտին հնարավորություն կստանան հանձնելու քննություն, որը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան հաշտարարի որակավորում։