x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

Հաստատվել են AMCA հաշտարարության կանոնները

2024-01-19

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մշակել և ընդունել է Կենտրոնի Հաշտարարության կանոնները։

 

Հաշտարարության կանոնների մշակման հիմքում հաշտարարության առնչությամբ միջազգային լավագույն փորձի և չափանիշների, ինչպես նաև միջազգային առաջատար հաշտարարական հաստատությունների կանոնների համապարփակ ուսումնասիրությունն է: Ըստ այդմ, կանոնները մշակվել են՝ հիմք ընդունելով ICC, ICSID, UNCITRAL, CEDR և այլ կանոնները՝ դրանք հարմարացնելով տեղական պահանջներին։

 

Կենտրոնի հաշտարարության կանոնները կարգավորում են հաշտարարության նախաձեռնմանը, հաշտարարության սուբյեկտներին, հաշտարարի ընտրությանը և նշանակմանը, հաշտարարի պարտականություններին, հաշտարարության վարմանը, հաշտարարության ավարտին, հաշտության համաձայնությանը, հաշտարարության գաղտնիությանը, հաշտարարության ծախսերին վերաբերող և մի շարք այլ հարցեր։

 

Հաշտարարության կանոնները արտացոլում են հաշտարարության ինստիտուտի ժամանակակից և նորարարական մի շարք կարգավորումներ, ինչպիսիք են, օրինակ, համահաշտարարությունը և առցանց հաշտարարությունը։ Հաշտարարության կանոնների՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան մշակումը դրանք եզակի է դարձնում Հայաստանում ինստիտուցիոնալ հաշտարարության ոլորտում։

 

Այս կանոնների պատրաստումն ու ընդունումը նշանակալից ձեռքբերում է վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների խթանման և Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման համար։