Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը և Ռուսաստանի ժամանակակից արբիտրաժի ինստիտուտը (RIMA) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել միջազգային արբիտրաժը և զարգացնել համագործակցությունը երկու կառույցների միջև։
Ռուսաստանի ժամանակակից արբիտրաժի ինստիտուտը (RIMA) անկախ կազմակերպություն է, որը կենտրոնացած է արբիտրաժի զարգացման և վեճերի արդյունավետ լուծման մեխանիզմների խթանման վրա։
Հուշագիրը արտացոլում է կողմերի ընդհանուր հետաքրքրվածությունը՝ զարգացնելու արբիտրաժը որպես միջազգային վեճերի լուծման նախընտրելի մեթոդ և ամրապնդելու մասնագիտական կապերը Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Հուշագրով կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ միջոցառումներ՝ կոնֆերանսներ, սեմինարներ, աշխատարաններ և վերապատրաստման ծրագրեր՝ Հայաստանում և Ռուսաստանում։
Կողմերը պայմանավորվել են նաև փոխանակվել արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ նյութերով, մասնագիտական կապերով, ինչպես նաև իրենց արբիտրների և հաշտարարների ցանկից մյուս կողմին առաջարկել կոնկրետ գործով արբիտրի կամ հաշտարարի նշանակման համար թեկնածություններ։ Համագործակցությունը ներառում է նաև համապատասխան պայմաններով միմյանց ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը։
Սա կարևոր քայլ է տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և միջազգային արբիտրաժի զարգացման ուղղությամբ։