Միջազգային արբիտրաժային վեճը AMCA-ում լուծվել է ընդամենը 6 ամսում
Խոշոր միջազգային արբիտրաժային գործով, որը վերաբերում էր Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց միջև կնքված մատակարարման պայմանագրին, վերջնական արբիտրաժային վճիռ է կայացվել ընդամենը վեց ամսում՝ արբիտրաժային տրիբունալի ձևավորումից հետո։ Վեճի քննությունն իրականացվել է «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամի (AMCA) Արբիտրաժային կանոնների հիման վրա՝ ռուսերեն լեզվով։
Վարույթի ընթացքում արբիտրաժային տրիբունալը կայացրել է նաև միջանկյալ վճիռ՝ բավարարելով հայցվորի կողմից ներկայացված՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին միջնորդությունը։ Հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին որոշումը հետագայում ճանաչվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից, այնուհետև ներկայացվել հարկադիր կատարման, ինչը փաստում է ինչպես արբիտրաժային տրիբունալի լիազորությունների արդյունավետ իրացումը, այնպես էլ AMCA կանոնների շրջանակներում կայացված միջանկյալ վճիռների գործնական կիրառելիությունը։
Վերջնական վճռով արբիտրաժային տրիբունալը մասնակիորեն բավարարել է հայցվորի ներկայացրած պահանջները՝ միաժամանակ ներառելով արբիտրաժային ծախսերի բաշխման համակողմանի և հիմնավորված վերլուծություն։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ արբիտրաժային տրիբունալը բավարարել է նաև հայցվորի կողմից պահանջված փաստաբանական հոնորարի գումարը բռնագանձելու պահանջը, որը կազմել է հօգուտ հայցվորի բռնագանձման ենթակա գումարի 5%-ը։ Այս մոտեցումը համարվում է նշանակալի զարգացում և նորարական քայլ հայկական իրավական մշակույթում և արբիտրաժային պրակտիկայում՝ ընդգծելով փաստաբանի դերի և ներգրավվածության փոփոխվող դինամիկան արբիտրաժային վարույթներում։
Վերոնշյալ գործը հստակորեն վկայում է, որ AMCA-ն ունի անհրաժեշտ մասնագիտական և ինստիտուցիոնալ ներուժ՝ արդյունավետ կերպով վարելու միջազգային բնույթի բարդ արբիտրաժային գործեր՝ ապահովելով ինչպես վարույթի օպերատիվություն, այնպես էլ ընդունվող վճիռների իրավական հիմնավորվածություն և կատարելիություն։