AMCA-ի ներկայացուցիչները մասնակցել են Դուբայի արբիտրաժային շաբաթվան
2024 թվականի նոյեմբերի 11-15-ը Dubai Arbitration Week-ը (DAW) համախմբել է արբիտրաժային ոլորտի մասնագետների, արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչների և այլ փորձագետների ամբողջ աշխարհից։ Ավելի քան 140 միջոցառումներով և ավելի քան 50 երկրներից ժամանած մասնակիցներով այս տարվա DAW-ը դարձել է նախաձեռնության պատմության մեջ ամենածավալունը։
Միջոցառումը կազմակերպվել էր Dubai International Arbitration Centre-ի (DIAC), ինչպես նաև տեղական և միջազգային մի շարք գործընկերների կողմից, որոնք այս հարթակը վերածել էին գլոբալ նշանակության մասնագիտական հանդիպման վայրի։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) ակտիվ մասնակցությունը DAW-ին կարևորել է Հայաստանի ներգրավվածությունը միջազգային արբիտրաժային դաշտում և նպաստել երկրի տեսանելիության բարձրացմանը։ Միջոցառմանը մասնակցել են AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հանրային կապերի պատասխանատու Վարդան Լաբլաջյանը։
Նրանք միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին ներկայացրել են Կենտրոնի նպատակներն ու գործառույթները, ինչը կարևոր քայլ է եղել երկկողմ հարաբերությունների ամրապնդման և նոր համագործակցությունների ձևավորման ուղղությամբ։ DAW-ի շրջանակում Տաթևիկ Մատինյանը առանձին հանդիպում է ունեցել Dubai International Arbitration Centre-ի գործադիր տնօրեն Ջեհադ Աբդուլռազզաք Քազիմի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և տարածաշրջանում արբիտրաժի զարգացման, ինչպես նաև ոլորտում կանանց դերակատարման ընդլայնման հարցերը։ Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է AMCA-ի՝ միջազգային հարթակ դառնալու տեսլականը և առաջարկել DIAC-ի հետ համատեղ ծրագրերի իրականացում։ Նա նաև Ջեհադ Աբդուլռազզաք Քազիմին հրավիրել է Հայաստան՝ որպես բանախոս հանդես գալու և իր փորձառությամբ կիսվելու հայաստանյան մասնագետների հետ։
Այս նախաձեռնությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային արբիտրաժային կենտրոնի դիրքերի ամրապնդման տեսանկյունից։ DAW 2024-ի օրակարգում ընդգրկված էին արբիտրաժային ոլորտի զարգացմանն ու արդիականացմանն առնչվող մի շարք կարևոր թեմաներ։ Միջոցառման բացման ընթացքում DIAC-ի ղեկավար կազմը կարևորել է իրավական արդյունավետության բարձրացումն ու միջազգային համագործակցության խորացումը։ Նշվել է նաև, որ DAW-ը վերածվել է հարթակի, որտեղ միջազգային կազմակերպություններն ու ոլորտի առաջատար մասնագետները կիսվում են իրենց փորձով՝ նպաստելով համաշխարհային արբիտրաժային պրակտիկայի զարգացմանը։ Միջոցառման շրջանակում առանձնացվել են մի շարք առանցքային թեմաներ, այդ թվում՝ արբիտրաժի դերը տարածաշրջանային համագործակցության խորացման գործում, թվային արդիականացումն ու արհեստական բանականության կիրառումը արբիտրաժում, կանանց դերակատարման ընդլայնումը արբիտրաժային պրակտիկայում, ինչպես նաև միջազգային ներդրումային վեճերի լուծման մեխանիզմները։ Այս հարցերը կարևոր նշանակություն ունեն հատկապես տնտեսական և ներդրումային միջավայրի ամրապնդման, ինչպես նաև ժամանակակից և արդյունավետ արբիտրաժային գործիքների զարգացման տեսանկյունից։ Տաթևիկ Մատինյանի, Լիլիթ Պետրոսյանի և Վարդան Լաբլաջյանի մասնակցության շնորհիվ AMCA-ի՝ որպես վստահելի գործընկերոջ և տարածաշրջանային հարթակի նշանակությունը արժանացել է միջազգային կազմակերպությունների և գործընկերների ուշադրությանը։ Հաստատված կապերը և համագործակցության վերաբերյալ փոխադարձ առաջարկությունները վկայում են, որ Հայաստանը ներուժ ունի դառնալու ոչ միայն տարածաշրջանային, այլև միջազգային նշանակության հարթակ՝ ապահովելով արբիտրաժային ոլորտում բարձր վստահություն և հեղինակություն։
Dubai Arbitration Week-ը, որպես փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության բազմաշերտ հարթակ, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնին հնարավորություն է տվել ամրապնդելու կապերը միջազգային առաջատար գործընկերների հետ և շարունակաբար զարգացնելու Հայաստանի դիրքը արբիտրաժային ոլորտում՝ նպաստելով երկրի հեղինակության բարձրացմանը միջազգային մակարդակում։