Համագործակցության հուշագիր AMCA-ի և ԵՊՀ-ի միջև
Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում իրավական կրթության և գիտահետազոտական գործունեության զարգացումն ու կատարելագործումը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, կարևորելով հուշագրի կնքումը, նշել է, որ ֆակուլտետը տարբեր կառույցների, այդ թվում՝ պետական և հասարակական կազմակերպությունների հետ, պարբերաբար կնքում է համագործակցության հուշագրեր՝ ձևավորելով արդյունավետ գործընկերային հարաբերություններ։ «Հայտնի է, որ աշխարհում գոյություն ունեն վեճերի լուծման բազմաթիվ այլընտրանքային եղանակներ, որոնք գտնվում են զարգացման տարբեր փուլերում՝ իրենց ազդեցությունն ունենալով իրավաբանական և գիտահետազոտական գործունեության ոլորտների վրա։ Լիահույս եմ, որ այս համագործակցությամբ կնպաստենք ուսանողների գիտելիքների հարստացմանը նաև այս բնագավառում»,- ընդգծել է Հարություն Խաչիկյանը։
Հուշագրով ամրագրված դրույթների համաձայն՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում։ Կենտրոնը նաև, իր հնարավորությունների սահմաններում, աջակցություն կցուցաբերի վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում կազմակերպվող ներպետական և միջազգային դատախաղերին մասնակցող ֆակուլտետի թիմերին։ Բացի այդ, հուշագրի համաձայն, Կենտրոնը ֆակուլտետում իրականացվող գիտական հետազոտությունների համար կտրամադրի նաև պրակտիկ նյութեր, փաստաթղթեր, վիճակագրական տվյալներ և այլ անհրաժեշտ նյութեր։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, ուսանողներին ներկայացնելով Կենտրոնի գործունեությունը, շեշտել է, որ թեև այն ստեղծվել է ամիսներ առաջ, արդեն իսկ կարևոր դերակատարում ունի հատկապես այն անձանց համար, որոնք ապագայում կարող են դառնալ արբիտրներ, հաշտարարներ կամ փաստաբաններ և իրենց վստահորդներին ուղղորդել վեճերի լուծման այլընտրանքային հարթակներ։ «Վերջերս մենք ունեցանք աննախադեպ մի գործ. առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ կիրառվեց համահաշտարարությունը։ Շուրջ հինգ տարի դատարանում քննվող վեճը, որի կողմերը հարևաններ էին, տեղափոխվեց արտադատական հարթակ՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն։ Մեզ մոտ գործի գրանցումից մինչև վերջնական որոշման ստացումը տևեց ընդամենը մեկ շաբաթ, իսկ բուն հաշտարարության գործընթացը՝ երկուսուկես ժամ»,- նշել է Տաթևիկ Մատինյանը՝ ընդգծելով, որ այն երկրներում, որտեղ զարգացած են արբիտրաժն ու հաշտարարությունը, դատարանները զգալիորեն բեռնաթափվում են։
Հանդիպման ընթացքում ուսանողները մանրամասն ծանոթացել են արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտներին, մասնավորապես՝ վեճերի այլընտրանքային լուծման ձևերին, ոլորտի զարգացման միտումներին, Կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավոր հեռանկարներին։ Հանդիպումն անցկացվել է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աջակցությամբ։