x
Որոնել Որոնել
x
Որոնել Որոնել

ԶԼՄ ներկայացուցիչների համար անցկացվել է վերապատրաստման եռօրյա դասընթաց

2024-04-06

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մեկնարկել է ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացների շարքը, որի նպատակն է լրագրողներին ծանոթացնել արբիտրաժի և հաշտարարության էությանը, կիրառության ոլորտներին, ինչպես նաև այդ թեմաների մասնագիտական և ճշգրիտ լուսաբանման առանձնահատկություններին։

 

Դասընթացի առաջին օրը սկսվել է ծանոթությամբ, հարց ու պատասխանով և քննարկմամբ, որի ընթացքում մասնակից լրագրողները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարբեր լրատվամիջոցները ներկայացնող 28 լրագրողներ։ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ողջունել է մասնակիցներին և ներկայացրել արբիտրաժի և հաշտարարության հիմնական էությունը, կիրառության ոլորտները, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմները, ինչպես նաև Կենտրոնի գործունեությունն ու մատուցվող ծառայությունները։

 

Օրվա երկրորդ հատվածում Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և հաշտարարության գործերի կառավարիչ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել են հաշտարարության առանձնահատկությունները, առավելություններն ու ընթացակարգային մանրամասները։ Առաջին օրն ամփոփվել է AMCA-ի Արբիտրաժային խորհրդի փոխնախագահ, արտոնագրված հաշտարար Ռաֆիկ Գրիգորյանի բանախոսությամբ, որի ընթացքում լրագրողներին ներկայացվել են արբիտրաժի և հաշտարարության լուսաբանման առանձնահատկությունները, կիրառելի տերմինաբանությունը և այն գործիքակազմը, որը ԶԼՄ ներկայացուցիչները կարող են օգտագործել ոլորտը լուսաբանելիս։ Ներկայացվել են նաև այն պաշտոնական կայքերը, որոնցից հնարավոր է ստանալ անհրաժեշտ տեղեկությունը։

 

Վերապատրաստման ծրագրի երկրորդ օրը մեկնարկել է սիմուլյացիոն խաղով, որի նպատակն էր ամրապնդել առաջին օրվա ընթացքում ուսումնասիրված գիտելիքներն ու տեսական նյութը։ Նախապես կազմված խնդրի հիման վրա լրագրողները բաժանվել են թիմերի և հանդես եկել որպես հաշտարարության կողմեր և հաշտարար։ Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը խաղի ընթացքում հանդես է եկել որպես համահաշտարար՝ ուղղորդելով գործընթացը։ Թեև քննարկումները եղել են ակտիվ և լարված, կողմերը ի վերջո կնքել են հաշտության համաձայնություն։ Այս ձևաչափի շնորհիվ մասնակից լրագրողները ավելի հստակ պատկերացում են կազմել հաշտարարության էության և ընթացակարգային կողմերի մասին։

Վերապատրաստումը լրագրողներին հնարավորություն տվեց առավել խորությամբ ծանոթանալու ոլորտի առանձնահատկություններին և ինստիտուցիոնալ զարգացման ընթացքին։